Նստացույցի մասնակիցները հրաժարվել են հանդիպել Սերժ Սարգսյանին
SOCIETYԵրեւանի Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնողները, ի վերջո, հրաժարվել են հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի հարցը:
Ինչպես հաղորդում էNEWS.am-ի թղթակիցը, քննարկումները արդյունք չեն տվել, եւ նստացույցի մասնակիցները որեւէ պատասխան չեն տվել հանդիպման առաջարկը հնչեցրած, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին:
Նստացույցի նախաձեռնողների կարծիքով, իշխանությունները մեկ ճանապարհ ունեն՝ չեղարկել ՀԾԿՀ որոշումը, որի համար հանդիպման անհրաժեշտություն չկա:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



