Ճանապարհաշինության գործընթացը վերսկսվեց
SOCIETYՀՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես հայտնի է, կասեցված էր տնտեսության մի շարք ոլորտների գործունեությունը։ Այս սահմանափակումներով պայմանավորված՝ դադարեցվել էին նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի և ընդհանրապես այլ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։
Գործունեության արգելքի վերացման արդյունքում արդեն իսկ սկսվել են որոշ աշխատանքներ: «Փաստի» տեղեկություններով, Մ6-ի աշխատանքներն առաջիկա օրերին կիրականացվեն լայն թափով՝ հնարավորինս հետ բերելու կորցրած ժամանակը: Մինչ այդ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում Սանահին կայարան-Ալավերդի միջակայքում։ Ներկա փուլում իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրման‚ մայթերի և ջրահեռացման համակարգերի կառուցման‚ հողային աշխատանքներ։
Շինաշխատանքներն իրականացնող պատասխանատուներից մեկը «Փաստի» լրագրողի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում կիրականացվեն ևս 1 կմ ճանապարհի առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքներ։ Հավելենք նաև, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շինարարներն իսկապես ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով և աշխատում են սոցիալական հեռավորությունը պահելով։



