Կառավարությունը փոխհատուցում է Գեղարքունիքում ուժեղ քամուց տուժած տնտեսություններին
SOCIETYԳեղարքունիքի մարզում նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցված ավերիչ քամու պատճառած վնասների հետեւանքները վերացնելու նպատակով ՀՀ կառավարությունը դրամական փոխհատուցում է հատկացրել աղետից տուժած կազմակերպություններին եւ տնտեսություններին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը, հատկացված ընդհանուր գումարը կազմել է 14 միլիոն 614 հազար դրամ:
Փոխհատուցված 3 միլիոն 666 հազար դրամ գումարով կվերականգնվեն Նորակերտի, Արփունքի, Վահանի, Գեղամավանի դպրոցների շենքերի տանիքիները եւ Ծովակի դպրոցի լուսամուտները, Գեղամավանի, Մադինայի համայնքային կենտրոնների, Նորակերտի մանկապարտեզի, Փոքր Մասրիկի մանկապարտեզի եւ բուժկետի, Արփունքի գյուղապետարանի շենքերի տանիքները: 10 միլիոն 948 հազար դրամի շրջանակներում Լճավան, Ծովակ, Նորակերտ, Փոքր Մասրիկ, Արփունք, Մեծ Մասրիկ, Սոթք, Գեղհովիտ եւ Վահան գյուղերի 124 տուժած տնտեսություններ կվերականգնեն իրենց պատկանող շենքերին հասցված վնասները:



