«Օռլով» քարը իրականում կապ ունի՞ Օռլովի հետ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Օռլով» ադամանդը Կրեմլի Ալմաստի պահոցի ամենախոշոր և հանրահայտ պատմական թանկարժեք քարն է: Այն 1784 թվականից Եկատերինա Երկրորդի պատվերով տեղադրված է 1774 թվականից Ռուսական Կայսրության իշխանության խորհրդանիշ հանդիսացող Կայսերական գայիսոնի վրա: «Օռլով» ադամանդի իրական պատմությունը անհայտ է: Ըստ մի վարկածի, այդ ալմաստը հայտնաբերվել է Հնդկաստանում 17-րդ դարի վերջին։ Ի սկզբանե այն կոչվել է Դերիանոր, որը պարսկերենից թարգմանվում է որպես «լույսի ծով»:
Ըստ մեկ այլ վարկածի, այն «Մեծ Մոնղոլ» հանրահայտ ալմաստի մի մասն է և հայտնաբերվել է Հնդկաստանի Գոլկոնդե տարածքում 16-րդ դարում: Իրականում քարը ներկայումս էլ պահպանել է հնդկական «բարձր վարդի» հղկման ձևը: Ըստ հին ժամանակներից հասած տեղեկությունների, ալմաստը մշակման ժամանակ հղկելիս փոքրացել է։ Այդ փոքր-ինչ կանաչավուն երանգով սպիտակ ալմաստի զանգվածը սկզբնապես եղել է 400 կարատ, բայց ադամանդի ձևով մշակման ենթարկվելուց հետո նրա քաշը կտրուկ ընկել է, և ներկայումս «Օռլով» ադամանդը 189,62 կարատ է
18-րդ դարի այլ թանկարժեք քարերի նման ևս այդ ադամանդի վաղ պատմությունը կապված է հնդկական տաճարի հետ։ Ըստ առավել հայտնի լեգենդներից մեկի, մոտ 1750 թվականին այն Սերինգապատամի տաճարից Մադրաս է տարել մի բրիտանացի զինվոր, որն իրեն հինդուիստ է ներկայացրել։
Այդ քարի առաջին սեփականատերերից մեկը եղել է Նադիր շահը, որը 18-րդ դարում գրավել է Հնդկաստանը և ձեռք բերել ադամանդը: Այդ քարի՝ Եվրոպայում հայտնվելու պատմությունը ևս անհայտ է:
Ադամանդի մասին իմացել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը և մեծ ցանկություն է ունեցել ձեռք բերել այն: Սակայն գնել այն գանձարանի հաշվին հնարավոր չէր, քանի որ դա դուր չէր գա ժողովրդին: Քարը Ամստերդամում պարսիկ առևտրականից ձեռք է բերել պալատական ակնագործ Իվան Լազարևը՝ 400 հազար ֆլորինով (որոշ տվյալներով, նա ամուսնացած էր վաճառականի ազգականուհու հետ)։
Այնուհետև Լազարևից այն գնել է կոմս Օռլովը և 1773 թվականին ծննդյան օրվա առթիվ ծաղկեփնջի հետ նվիրել Եկատերինա 2-րդին՝ վերականգնելու նրա բարեհաճությունն իր նկատմամբ։ Նվերի մասին լուրը տարածվել է ողջ Եվրոպայով, քանի որ ոչ մի եվրոպական միապետ չի ունեցել այդ չափի ադամանդ։ Մեկ այլ վարկածի համաձայն, լազարևյան ադամանդը Օռլովը չի գնել, այլ Օռլովի միջնորդությամբ գնել է հենց Եկատերինա 2-րդը՝ վճարելով դրա գինը պետական գանձարանից։
Ընդ որում, իր շռայլության և անմիտ քայլերի մասին խոսակցությունները կանխելու նպատակով է մտածվել այդ ամբողջ ներկայացումը, և այն, որ Օռլովն է քարը գնել: Արդյունքում ստացվել է այնպես, որ այդ ադամանդը ստացել է հենց Օռլովի անունը։




















































