Բողոքի ակցիայի մասնակիցները եղան ծեծի ենթարկված երեխայի դպրոցում (տեսանյութ, լուսանկարներ)
SOCIETYԳյումրիում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության քայլերթ իրականացնողները եղան այն դպրոցում, որտեղ սովորում է օրերս մոր ընկերոջ կողմից բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը, եղան նաև թաղամասում, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը։
Քայլերթի մասնակիցները պարզել են «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում», «Ոչ բռնությանը», «Հերիք է սպանեք մեզ», «Ոչինչ չի արդարացնում բռնությունը» գրություններով պաստառներ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում։ «Օրեր առաջ հենց Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի արդյունքում սպանվեց 43-ամյա Մարինեն։ Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր՝ բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կնասպանության դեպքերը գնալով նվազեն։ Այս կնոջ մահվան դեպքը որակվել է անզգուշությամբ մահ հասցելը, մենք հետամուտ ենք լինելու, որ հնարավորինս ծանր լինի պատիժը»,- ասում են քայլերթի մասնակիցները:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է 28-ամյա մի տղամարդ, որը, պարզվել է, կնոջ զուգընկերն է։ Երեխան այժմ խնամակալ չունի, նրա հայրը մահացել է 2 տարի առաջ։




