«Լոբու պարկ». ժամանակակից կահույք, որն ամենևին էլ... ժամանակակից չէ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻնչ անուն ասես, որ չեն տվել արտաքինից անձև, բայց ներկայումս շատ սիրված բազկաթոռ-պարկերին: Առավել հայտնի անուններն են «բազկաթոռ-տանձ» կամ պարզապես «տանձ», կամ էլ «Բին-բեգ»՝ «լոբու պարկ» և այլն: Բայց այդ բոլոր անունների ծագումը կապված է հենց առաջին բազկաթոռ-պարկի ստեղծման հետ, որը հայտնի է որպես «Sacco»: Շատերը, չգիտես ինչու, համոզված են, որ բազկաթոռ-պարկը նախագծել են ժամանակակից դիզայներները:
Սակայն բազկաթոռ-պարկը, ավելի ճիշտ, նրա առաջին նմուշը ստեղծվել է մոտ կես դար առաջ: Բազկաթոռ-պարկի պատմությունը սկսվում է 1960-ականների սկզբից: Այն իրոք պատրաստել են դիզայներները, բայց ոչ ժամանակակից. հեղինակները իտալացի դիզայներներ Պիերո Գատին, Սեզարի Պաոլինին և Ֆրանկո Թեոդորոն են, և սկզբից այդ բազկաթոռ-պարկը որևէ գործնական նպատակ չի ունեցել:
Հակադիզայն. ահա թե ինչպես կարելի է այն անվանել: Այս բազկաթոռը նրանց կողմից պարզապես հորինվել է ի հակադրություն դարեր շարունակ օգտագործվող արդեն արմատացած և ավանդական դարձած բազկաթոռի: Իտալիայի տնտեսական աճը մարդկանց հնարավորություն է տվել մտածել նման բաների մասին:
Թերևս այս գաղափարը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե դիզայներների խմբում չլիներ չորրորդ անդամը` Աուրելիո Զանոտտան, որը կահույքի գործարանի սեփականատեր էր, իսկ նրա արտադրանքի տեսականու մեջ առկա էին տարբեր տեսակի բազկաթոռներ:
Հենց նա էր, որ դիզայներների խենթ գաղափարի մեջ տեսել է խոստումնալից ուղղություն` անհենք կահույքի արտադրություն: Հենց նա է, որ 1968 թվականին անհենք բազկաթոռը հասցրել է լայն «զանգվածներին»: Նա այն անվանել է «Sacco», կամ՝ իտալերենից թարգմանած՝ «պարկ»: Զանոտտան, պատմության մեջ դառնալով բազկաթոռ-պարկի առաջին արտադրողը, ավելին է արել. նա հասել է նրան, որ օգտագործելու համար այն դարձել է ավելի գործնական և տեխնոլոգիական:
Թեոդորը, Գատին և Պաոլինին հորինել էին բազկաթոռ, որը լցվում էր ջրով, սակայն դա շատ ծանր էր և անհարմար նստելու համար: Զանոտտան է բազկաթոռների լցոնիչի համար օգտագործել պլաստմասե գնդիկներ:
Այստեղից էլ գալիս է այդ բազկաթոռների այն անունը, որը ամերիկացիներն են տվել նրան` «լոբու պարկ»: Զանոտտան փոխել է նաև պարկը: Սկզբնապես օգտագործված պոլիվինիլքլորիդե պարկի փոխարեն (բանն այն է, որ այդ նյութը անջրանցիկ է, իսկ, ինչպես նշեցինք, սկզբում պարկի մեջ ջուր էր լցվում), նա սկսել է օգտագործել գործվածքներ, որոնք շփման դեպքում ավելի հաճելի են մարմնի համար: Նմանատիպ նյութը ուներ նաև այն առավելությունը, որ կտրուկ նստելու ժամանակ չէր պատռվում, և ավելի գեղագիտական էր: Երկար տարիներ պարկի գործվածքը բացառապես վարդագույն է եղել, որի պատճառն, ըստ երևույթին, այն էր, որ իտալացի կահույքագործի պահեստը լցված է եղել հենց այդ գույնի գործվածքով: Բազկաթոռ-պարկը կահույքագործ Զանոտտային համաշխարհային համբավ և միլիոնավոր դոլարների եկամուտ է պարգևել: «Sacco»-ն առկա է աշխարհի բոլոր խոշոր այն թանգարաններում, որտեղ ցուցադրվում են կահույքի նմուշներ: Բազկաթոռ-պարկի պատմության մեջ երկրորդ փուլ է համարվում նոր հազարամյակի սկիզբը, քանի որ սկսել է ուրվագծվել անհենք կահույքի արտադրության միտում: Միևնույն ժամանակ սկսել է փոխվել այս բազկաթոռի ձևը՝ ստեղծվել են բազմոցպարկեր, աթոռ-պարկեր և անգամ կահույքտրանսֆորմերներ: Բայց, այնուամենայնիվ, ներկայումս էլ առաջնայնության դափնեպսակը «լոբու պարկինն» է:




















































