Ադրբեջանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները Տավուշում կրկին դիմել են սադրիչ գործողությունների. Հովհաննիսյան
SOCIETYԱդրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։
ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։
Ըստ Ադրբեջանի պետական սահմնանապահ ծառայության՝ մարտի 5-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել է զինծառայող, Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu):
Նշվում է, որ նա ծանր վիրավորում է ստացել, անհապաղ տեղափոխվել Ղազախի դիագնոստիկ կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշենք նաև, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 12 կորուստ։



