Ինքնաեռ. իրականում ի՞նչ կապ ունի այն Ռուսաստանի հետ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԽոսելով Ռուսաստանի խորհրդանիշների մասին՝ անհնար է չհիշատակել տուլայական ինքնաեռը (самовар): Սակայն հարկ է նշել, որ ինքնաեռը չի հորինվել Ռուսաստանում, ինքնաեռներ եղել են դեռ Հին Հռոմում, և դրանք այնտեղ կոչվել են աուտեպսա (auteps): Նշենք, որ այդ հին ինքնաեռների գործողության սկզբունքը դարերի ընթացքում այնքան էլ չի փոփոխվել:
Դա ջրով լցված տարողություն է, որի ներսում գտնվում է տաքացնող վառարանը, որն էլ տաքացնում է ջուրը: Ինքնաեռը տարբերվում է այլ տարողություններից նրանով, որ նրան պետք չէ արտաքին կրակ կամ վառարան՝ ջուրը եռացնելու համար: Ինքնաեռի կարևոր առավելություններից է այն, որ այն ունակ է երկար ժամանակ ջուրը տաք պահել: Կոնկրետ ռուսական, կամ, ինչպես ավելի հայտնի է,
Տուլայի ինքնաեռի պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ: Համաձայն ավանդության, այն բերվել է Ռուսաստան Պետրոս 1-ինի կողմից, բայց դա իրականում ճիշտ չէ, քանի որ ինքնաեռի մասին առաջին հիշատակումը թվագրվում է միայն 1746 թվականով, մինչդեռ Պետրոս 1-ինը մահացել է 1725 թվականին: Ներկայումս հայտնի չէ, թե ով է առաջին ինքնաեռը բերել Ռուսաստան, բայց փաստ է այն, որ այդ իրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ռուսների շրջանում: Արդյունքում Ռուսաստանում սկսել են ինքնաեռներ արտադրել:
Քանի որ այն ժամանակ դրանք պատրաստվել են պղնձից կամ արույրից, զարմանալի չէ, որ դրանց առաջին նմուշները հայտնվել են Ուրալում, որտեղ իրականացվել է այդ մետաղների արդյունահանում: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է այդ դեպքում առավել հանրահայտ Տուլայի ինքնաեռը:
Ամեն ինչ շատ պարզ է: Արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն մետաղ, այլ նաև մարդիկ, որոնք ունակ են մշակել այդ մետաղը: Այդ ժամանակներում Տուլան է հայտնի եղել զենքի իր վարպետներով: Դա էլ հենց պատճառ է դարձել, որ ժամանակի ընթացքում ինքնաեռներ արտադրվեն Տուլայում:
Բացի դա, Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին մոտ լինելն է նպաստել արտադրության զարգացմանը Տուլայում: 1778 թվականին Նազար և Իվան Լիսիցին եղբայրները ստեղծել են առաջին տուլայական ինքնաեռը: Դրանից 25 տարի անց հայտնվել է ինքնաեռի առաջին գործարանը, որտեղ աշխատել է 26 մարդ, իսկ արտադրանքի շրջանառությունը եղել է այդ ժամանակների համար անհավատալի գումար` 1500 ռուբլի:
Եվս 25 տարի անց Տուլայում արդեն գործել են 28 տարբեր գործարաններ, որոնք տարեկան արտադրել են մոտ 120 000 ինքնաեռ: Տարիների ընթացքում արտադրված ինքնաեռների որոշ տեսակներ կոչվել են տուլայական: Ամենահայտնի տեսակներից է եղել «Պարիչկոն», որն ունեցել է մի շարք առավելություններ:
Նախ և առաջ՝ այն ունիվերսալ էր այն իմաստով, որ այն կարող էր աշխատել ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ վառելիքի հիմքով: Երկրորդ՝ այն անվտանգ էր, քանի որ չէր փչանում, եթե նույնիսկ վառելուց առաջ մոռացել են ինքնաեռի մեջ ջուր լցնել:
Եվ վերջապես՝ այդ ինքնաեռը ունեցել է առավելագույն ջերմային արդյունավետություն: 20-րդ դարի հիսունական թվականներից դադարեցվել է ինքնաեռների զանգվածային արտադրությունը: Ներկայումս այդ կենցաղային իրի միայն որոշակի քանակ է արտադրվում, այն էլ՝ որպես հուշանվեր:




















































