Լևոն Մարտիրոսյանը «ոչ»-ի ճամբարի ոչ մի անդամից չի լսել հիմնավոր փաստարկ
POLITICSԱզգային ժողովում «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի դիտարկմամբ, Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզարշավի ընթացքում բովանդակային քննարկում չստացվեց:
Լրագրողների հետ նոյեմբերի 30-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա:
«Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեին մնացել են հաշվված օրեր, սակայն ես այդպես էլ «ոչ»-ի ճամբարի ոչ մի անդամից չլսեցի հիմնավոր փաստարկ, թե, իրենց կարծիքով, ինչու են այդքան վատ առաջարկվող Սահմանադրական փոփոխությունները: Նրանց հիմնական հիմնավորումը եղել և մնում է նույնը` եթե «նախաձեռնողը այսօրվա իշխանությունն է` ուրեմն միմիայն վատն է»,-շեշտեց նա :
Նա նկատեց, որ առաջարկվող փոփոխությունների փաթեթը առաջադիմական է, որոնք նախկինում առաջ էին քաշվում Սահմանադրական փոփոխությունների ներկայիս ընդդիմախոսների կողմից: «Մեր քաղաքացիները պետք է հիշեն, որ «ոչ» քվեարկելով առաջարկվող Սահմանադրական փոփոխություններին՝ կողմ են քվեարկում գործող Սահմանադրությանը, ինչը, համոզված եմ, մեր բոլորիս օգտին չի լինելու»,-պարզաբանեց Մարտիրոսյանը` հիշեցնելով, որ ընդդիմությանը տրվում են այնպիսի իրավունքներ, որոնք բավարար են իշխանությունների պատշաճ վերահսկողության և հակակշիռների առումով: & laquo;Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո առնաց ընդդիմության համաձայնության չեն կարող ընդունվել օրենսդրական նախաձեռնություններ, չեն հաստատվի գլխավոր դատախազը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը»,-ընդգծեց Լևոն Մարտիրոսյանը:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին:



