Սիգար. հարստության խորհրդանի՞շ, թե՞ պարզապես ծխախոտ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍիգարի հայրենիքը Ամերիկան է, բայց դրանց արդյունաբերական արտադրությունը սկսվել է Կուբայում 1541 թվականին: Եվրասիական տարածաշրջան սիգարը մտել է զգալիորեն ուշ՝ իր ստեղծումից մոտ 180 տարի անց, չնայած ծխախոտը արդեն այնտեղ օգտագործվում էր ծխամորճի կամ «շնչելու» ձևով:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Իսպանիան սիգարի արտադրությունը հայտարարել է պետական մենաշնորհ, ամբողջ Կուբայում աճեցված ծխախոտը տեղափոխվել է պետական գործարաններ, և արտադրվել են սիգարներ: Սիգարները սկսել են աշխարհում տարածվել նվաճումների ժամանակաշրջանում, երբ զորքերի հետ դրանք տեղափոխվել են մի երկրից մյուսը:
Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ Կուբայից Իսպանիա ուղևորվող՝ ծխախոտ և սիգար տեղափոխող առագաստանավերը զավթվել են այլ երկրների ռազմական նավերի կողմից, որը ևս նպաստել է սիգարի տարածմանը:
Այնուամենայնիվ, սիգարը այնքան թանկ է եղել, որ այն կարող էին իրենց թույլ տալ միայն թագավորական ընտանիքի անդամները, ազնվականները և մեծահարուստները:
Սիգարը Ռուսաստան են մտցրել հոլանդացի առևտրական-նավագնացները: Ըստ տվյալների, սիգարի սիրահար է եղել ռուսական կայսրուհի Եկատերինան: Սիգարի արտադրության մոնոպոլիան Իսպանիան պահպանել է մինչև 1817 թվականը, քանի որ հենց այդ տարի է Կուբան ստացել ինքնուրույն կերպով այլ երկրներ սիգար արտահանելու իրավունք:
Դա խթանել է սիգարների արտադրությունը Կուբայում, և որոշ ժամանակ անց այնտեղ ստեղծվել է սիգար արտադրող ավելի քան 350 ձեռնարկություն, որոնք արտադրել են մոտ ութսուն տեսակի սիգարներ: Այդ բազմազանությունը բավարարում էր ցանկացած կարողության ու ճաշակի տեր ծխողների բոլոր պահանջները:
Հենց այդ ժամանակ են ոտքի կանգնել այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են «Punch»-ը, «Ramon Allones»-ը, «Por Larranaga»-ը, «Partagas»-ը և այլն: Սիգարները աշխարհում լայն տարածում են գտել սկսած 20-րդ դարի 20-ականներից:
Հասարակության մեջ նրանց ժողովրդականությունը նորմայից բարձր է եղել: Սիգարը դարձել է հարստության խորհրդանիշ:
Իրեն հարգող ցանկացած հասարակական ձեռնարկություն անպայման ունեցել է սիգար ծխելու սենյակ, իսկ գնացքներում եղել են ծխելու համար նախատեսված վագոններ: Բացի դա, սիգար ծխելը դարձել է ավանդույթ: Օրինակ՝ Անգլիայում ընդունված էր ճաշից հետո սիգար ծխել մի քանի կում պորտվեյնի կամ բրենդիի հետ:
Սիգարի պատմության վրա մեծ ազդեցություն է թողել Կուբայի հեղափոխությունը, քանի որ Ֆիդել Կաստրոյի իշխանության գալը ազդել է սիգարի արտադրության վրա:
Արտադրողների մեծ մասն իր արտադրությունը տեղափոխել է Կարիբյան ծովի այլ երկրներ: Բացի դա, 1962 թվականից ԱՄՆ-ը արգելել է կուբայական արտադրության սիգարների ներկրումը: Արդյունքում կուբայական սիգարներ սկսել են արտադրել Մեքսիկան, Նիկարագուան, Դոմինիկյան Հանրապետությունը, Հոնդուրասը և այլն:
Այս ամենին գումարվել է նաև սիգարի նկատմամբ հետաքրքրության անկումը սովորական սպառողի մոտ: Այնուամենայնիվ, սիգարի նկատմամբ հետաքրքրության աճ կրկին նկատվել է 20-րդ դարավերջին և շարունակվում է ներկայումս:




















































