3 ժամվա ընթացքում ակտիվիստներն ազատ կարձակվեն. խորհրդակցություն ԱԺ-ում
SOCIETYԱԺ ՀՀԿ խմբակցությունը հետամուտ է լինելու, որ այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներն ազատ արձակվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավիրած խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հանդիպումից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ երեք ժամվա ընթացքում ակտիվիստներն ազատ կարձակվեն:
Նշենք, որ խորհրդակցությանը չի մասնակցել միայն ՕԵԿ-ը:
Հիշեցնենք, որ մինչեւ նիստի մեկնարկը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ընդմիջմանը պատրաստ է քննարկել ցուցարարների շուրջ տիրող իրավիճակը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը։ Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսել են ուժ կիրառել՝ ցուցարարների դեմ գործի դնելով ջրցանները։ Բերման է ենթարկվել 237 քաղաքացի, 18-ը ստացել են վնասվածքներ:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։



