Մեքսիկայում 2006 թվականից սկսած թմրապատերազմների հետեւանքով անհետ կորել է ավելի քան 60 հազար մարդ
INTERNATIONAL NEWS
Մեքսիկայի իշխանությունները բացահայտել են երկրի անվտանգության սարսափելի ճգնաժամի հետ կապված իրավիճակը՝ հրապարակելով վախեցնող թվեր, որոնց համաձայն՝ 2006 թվականին երկրում թմրապատերազմների մեկնարկից սկսած անհետ կորած է համարվում մոտ 62 հազար մարդ, հայտնում է The Guardian-ը:
Իշխանությունների հայտարարած թիվը նախորդից շատ ավելի մեծ է, որը հրապարակել էր 2018 թվականի դեկտեմբերին երկրի նախագահի պաշտոնում ընտրված Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
Պարբերականը նշում է, որ այդ ժամանակից ի վեր անհետ կորածների թիվը շարունակել է աճել: Դրանից բացի, միայն 2019 թվականին սպանությունների հետեւանքով երկրում զոհվել է 31 հազարից ավելի մարդ: Սա հանգեցրել է երկրի նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի, որը հայտարարել էր «hugs not bullets» (գրկախառնություն, այլ ոչ թե փամփուշտներ) ռազմավարության մասին, որի նպատակն է սոցիալական հիմքով հանցագործությունների կրճատումը:
Մեքսիկայի մարդու իրավունքների փոխնախարար Ալեխանդրո Էնչինաս Ռոդրիգեսը լրագրողներին հայտնել է, որ Օբրադորի նախագահ ընտրվելու պահից երկրի իշխանությունները հայտնաբերել են ավելի քան 800 գաղտնի թաղման վայրեր, որոնցում հայտնաբերվել է ավելի քան 1000 մարմին:
Նրանցից հաջողվել է պարզել միայն 395 մահացածի ինքնությունը, իսկ ազգականներին հաջողվել է վերադարձնել միայն 243 սպանվածների մարմինները:
Թաղման վայրերը հայտնաբերվել են Սինալոա, Խալիսկո, Կոլիմա, Սոնորա եւ Չիուաուա նահանգներում: Նույն ժամանակահատվածում անհետ կորել է ավելի քան 5 հազար մարդ:



