Փաշինյանը հանդիպում է մահացած զինծառայողի հարազատների հետ
SOCIETY
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր աշխատասենյակում ընդունեց դեկտեմբերի 2-ին, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին։
Հարազատները պահանջում են արդար եւ օբյեկտիվ քննություն։ Նրանց խոսքով՝ Արթուր Աջամյանի մահվան հանգամանքները կարճ ժամանակամիջոցում ՔԿ-ն կարող էր պարզել, սակայն մինչեւ հիմա նախաքննությունը շարունակվում է։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը գնացել է մահացած զինծառայողի մայրը, հորեղբայրը, պապը եւ Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Նշենք, որ քիչ առաջ Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Տիգրան Մեծի պողոտան եւ պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Հարազատներին մոտեցել էր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ հայտնել, թե Փաշինյանըն իջել է Կառավարությունից, որ հանդիպի իրենց, երբ իմացել է, որ պողոտան փակել են, հետ է գնացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



