Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel Vectra»-ն եւ «Mercedes C»-ն. վիրավորների վիճակը կայուն ծանր է
SOCIETY
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00։23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ, ինչպես նաեւ արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Հ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Նորիկ Լ., ծնված 1963 թ.) եւ «Mercedes C» (վարորդ՝ Հարություն Խ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մարալ Ք.-ն (ծնված 1965 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Լ.-ին. վերջինս եւս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։



