Արագածոտնում գազի պայթյունից մահացածները ամուսիններ էին
SOCIETYԱրագածոտնի Անտառուտ գյուղում գազի պայթյունից մահացածները 61-ամյա ամուսիններ էին, ապրում էին որդու, հարսի եւ թոռների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Անտառուտի գյուղապետ Հովիկ Զաքարյանը` մանրամասներ ներկայացնելով այսօր գյուղում տեղի ունեցած դժբախտ պատահարից:
«Նրանք ցանկացել են մեքենայից գազ փոխանցել գազի ինքնաշեն բալոն, որը պայթել է: Ամուսինները մահացել են, իսկ մեքենայի վարորդը, որը նրանց հարեւանն է, վիրավորվել է: Ցանկացել են ինքնաշեն գազաբալոնն օգտագործել օղի թորելու համար»,-ասել է Զաքարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին, 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն։
Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչները՝ Նորիկ Մ.-ն (ծնված 1958 թ.) և Վարդուհի Գ.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են, իսկ «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Պայթյունի հետևանքով վնասվել է «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան, փլուզվել է տան քարե ցանկապատի մոտ 2 քմ հատվածը, կոտրվել են տան պատուհանները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։



