Հասկանանք՝ ինչ է շինծու գործարքը և որոնք են դրա հետևանքները
SOCIETY«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:
Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Հարց. Ո՞րն է շինծու գործարքը և որո՞նք են շինծու գործարքի հետևանքները:
Պատասխանում է Դիանա Ղազարյանը:
-Ցանկացած գործարքի կայացման համար առաջնային կարևորվում է այն կնքող սուբյեկտների կամքը, նրանց կողմից գործարքի կնքմամբ հետապնդվող նպատակը:
Այս տրամաբանությունից ելնելով, օրենսդրի կողմից սահմանվել է, որ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն (շինծու գործարք) առոչինչ է, քանի որ գործարքի կնքումը պետք է հետապնդի դրանում սահմանված իրավունքների ձեռքբերման և պարտականությունների կատարման նպատակ և ոչ թե մեկ այլ գործարքի քողարկման:
Այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքի (շինծու գործարք) տարածված օրինակ է, երբ կողմերի միջև առկա է փոխառության իրավահարաբերություններ և փոխատուի հանդեպ ունեցած գումարային պարտավորության կատարման ապահովման նպատակով կնքվում է փոխառուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով փոխատուն ձեռք է բերում սեփականության իրավունք:
Այս դեպքում դատարանը, ապացուցված համարելով գործարքի (առուվաճառքի պայմանագիր) շինծու լինելը, պետք է կիրառի առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ կիրառի գրավի պայմանագրին վերաբերող կանոնները:
Շինծու գործարքը որպես անվավեր-առոչինչ գործարք անվավեր է կնքման պահից և չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, այդ թվում՝ շինծու գործարքի հիմքով չի կարող ձեռք բերվել սեփականության իրավունք, քանզի, ինչպես օրենսդիրն է սահմանել, նման գործարքն առոչինչ է (գոյություն չունի) կնքման պահից:
Հարկ է նկատել, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:
Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց:



