Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Գեղամն ուզում էր, որ ամուսնանային, երեխա ունենային. «Որոգայթի» Գոքորի քույրը՝ եղբոր երազանքների, մեծ սիրո, և, իհարկե, նոր ֆիլմի մասին

LIFE

Օրեր առաջ մեծ էկրան բարձրացավ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված համանուն սերիալի մոտիվներով: Հնարավոր չէ ժխտել, որ ժամանակին սերիալի «համն ու հոտն» էին նաև 2009 թվականին ավտովթարի հետևանքով կյանքից վաղաժամ հեռացած Գեղամ Խանդիլյանն (Գոքոր) ու Արամ Միսկարյանը (Գարիկ): Թեև, արդեն իսկ կարելի է փաստել, որ տղաները ֆիլմում արժանի հետևորդներ ունեն՝ հանձինս Սոս Ջանիբեկյանի և Գրիշա Աղախանյանի:

Past.am-ը «Որոգայթի» պրեմիերայից օրեր անց զրուցեց Գեղամ Խանդիլյանի քրոջ՝ Դիանա Խանդիլյանի հետ, ով արդեն 10 տարի է՝ բնակվում է Իտալիայում:

-Դիանա, օրեր առաջ կայացավ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, ցավոք, առանց Գեղամ Խանդիլյանի և Արամ Միսկարյանի: Ի՞նչ եք կարծում, նոր դերակատարներով կընդունվի՞ ֆիլմը:

-Այո´, նոր «Որոգայթն» առանց տղաների նկարահանվեց, սակայն ասեմ, որ ֆիլմի անոնսը նայել եմ ու կարծում եմ, որ բավական լավ է ստացվել: Վստահ եմ, եթե Հայաստանից դուրս տանեն, նույնպես մեծ արձագանքի կարժանանա: Ցավում եմ, որ եղբայրս և Արամը չկան այս ֆիլմում: Չնայած, եթե նրանք ողջ լինեին, չգիտեմ՝ կլինե՞ր արդյոք ֆիլմ նկարահանելու այս մտահղացումը, թե՞ այլ ուղղությամբ կընթանար «Որոգայթի» ճակատագիրը: Ամեն դեպքում, երբ «Շանթ» հեռուստաընկերությունը հարցախույզ էր անցկացնում ժողովրդի շրջանում, շատերն էին շեշտում, որ թեև կցանկանան՝ նոր «Որոգայթ» ֆիլմը նկարահանվի, բայց առանց տղաների չի նայվի… Սակայն, ես գիտեմ, որ մեր ժողովուրդը կնայի ու կգնահատի Ռոման Մուշեղյանի և ստեղծագործական, դերասանական խմբի մեծ աշխատանքը՝ չմոռանալով Արամին ու Գեղամին: Հաջողություն եմ մաղթում նոր «Որոգայթին» և բոլոր դերասաններին:

-Կհիշե՞ք, երբ Գեղամը ստացավ այս ֆիլմում նկարահավելու առաջարկը, ի՞նչ զգացողություններ ուներ, ինչպե՞ս էր վերաբերվում իր մարմնավորած «Գոքորին»:

-Երբ նրան առաջարկել են «Որոգոյթում» խաղալ, ցավում եմ, բայց ես Հայաստանում չեմ եղել: Այդ հարցին, հավանաբար, մայրս ավելի լավ կպատասխանի (ժպտում է):

-Որպես դերասան՝ դա նրա առաջի՞ն փորձն էր:

-Այո´, առաջինն էր՝ չհաշված մի քանի գովազդում նկարահանվելը:

-Շատերը խոսում էին, որ Գեղամն իր տեսակով շատ նման է «Գոքորին» և սերիալում մարմնավորում է հենց իրեն: Դա այդպե՞ս է:

- Գիտեք, երևի թե «Գոքորի» կերպարն էր նման Գեղամին ու դրա համար Գեղամը դերասան չլինելով՝ լավ էր մարմնավորում: Չնայած Գեղամը հանցավոր կյանքից հեռու էր, նրա բաղկացուցիչ մասը չէր կազմում, բայց այդ աշխարհի մարդկանց հետ շփվելով՝ գիտեր նրանց կյանքը: Եղբայրս հանգիստ ու զուսպ էր, եթե, իհարկե, չզայրացնեին: Բայց Գեղամն ավելի շատ երաժշտության աշխարհի հետ էր կապված, քան քրեական կամ գողական:

-Իսկ ի՞նչ կապ ուներ երաժշտության հետ, ի՞նչ երաժշտություն էր սիրում:

-Լավ երաժշտության սիրահար էր: Սիրում էր ջազի բոլոր տեսակները, դա իր աշխարհն էր: Գիտեք, մենք այդ երաժշտության տակ ենք մեծացել. մայրս ջազ-երգչուհի է եղել, բոլոր երաժիշտները՝ Ակսել Բակունցը, Մալխասը, Ձախ Հարութը, Ռադիկ Գաբրիելյանն ու շատերը գալիս էին մեր տուն և փորձեր անում: Ամեն օր նրանց լսելով՝ իրենց երաժշտությունը սիրելով մեծացանք:

-Դիանա, ի՞նչ տվեց «Որոգայթ» սերիալը Գեղամին՝ բացի հայտնիությունից:

-Հնարավորություն տվեց, որ կարողանա ավելի շուտ իրականացնել իր կիսատ մնացած երազանքներից մի քանիսը՝ օգնել կարիքավոր երեխաներին և թափառական կենդանիներին:

-Ի՞նչ մասնագիտություն ուներ Գեղամը, մինչ սերիալն ինչո՞վ էր զբաղվում:

- Ավարտել էր էլեկտրամեխանիկական տեխնիկումը, հստակ մասնագիտություն չուներ: Դեռ 16 տարեկանից նա «սեղանիկ» ուներ, այնուհետև դիսկոտեկներ էր կազմակերպում: Երբ Ամերիկայից վերադարձավ, Snak սննդի կետ բացեց, բայց այնքան սրտաբաց էր, որ առաջ չգնաց:

-Ինչո՞ւ:

- Դե, բոլորի համար անվճար «բուռում» էր պատրաստում ու հյուրասիրում (ժպտում է): Ու, շուտով փակեց:

-Ամերիկայում երկա՞ր է ապրել:

- ԱՄՆ-ում երեք անգամ է եղել: Այնտեղ բարեկամ ունենք, իրենց ռեստորանում խոհարար-ձևավորող և ռեստորանի պատասխանատու էր: Գնալուց հետո մեկ տարին չլրացած վերադառնում էր: Իր սիրած կուռքերի տունն էր գնում, տեսնում կամ հենց իրենց հանդիպում, բայց կարոտում էր Հայաստանն ու մեզ և վերադառնում:

- Նկատե՞լ եք, Գեղամն օգտվո՞ւմ էր իր հայտնիությունից:

-Իհարկե ոչ, նա մնացել էր այնպիսին, ինչպիսին կար: Երբ իրեն մոտենում էին, ստորագրություն ուզում ու ցանկանում նկարվել, ասում էր, որ հասարակ մարդ է: Ստորագրություն չէր տալիս՝ ասելով. «Ես պրեզիդենտ չեմ» (ժպտում է):

-Երբ մարդիկ հաջողությունների են հասնում, նրանց շուրջ շատերն են հավաքվում՝ հանուն ճանաչման: Նա և՞ս բախվել էր նման իրականությանը:

-Այո´, իր մոտ ևս շատերը հավաքվեցին՝ կորած ծանոթ ու անծանոթ, բարեկամ: Գեղամը քմծիծաղով էր վերաբերվում նման բաներին: Բայց բոլորին միանգամից սրտին մոտ էր ընդունում:

-Իսկ ովքե՞ր էին նրա ընկերները, մտերիմները:

-Ընկերներ այլևս չուներ… Մանկության ընկերները տարբեր երկրներում էին ցրվել, հազվադեպ էր շփվում: Մի ընկերոջ հետ ծանոթացավ Ամերիկայում: Որպես սրտակից, լավ ընկեր՝ միայն նա մնաց իր կողքին: Իսկ բարեկամներից էլ միայն քեռուս տղայի ընտանիքի հետ էր մտերիմ: Մնացածն անցողիկ էին, Ինչպես հայտնվում, այնպես էլ անհետանում էին:

-Սիրո՞ւմ էր կիսվել ձեզ հետ, պատմել իր երազանքների, նպատակների, հաջողությունների ու անհաջողությունների մասին:

-Իհարկե, մենք միմյանց հետ կիսվում էինք: Բայց երբ արդեն Հայաստան տարին մեկ անգամ էի գալիս, արդեն քիչ էինք կիսվում: Պատճառն այն էր, որ այն երեք շաբաթը, որ այդտեղ էի լինում, գերադասում էինք անցկացնել այնպես, որ մեկ տարվա տեղը լրացվեր:

- Ինչի՞ց էր ամենից շատ սրտնեղում:

- Ընկերության բացակայությունից և նեղության մեջ գտնվող մարդկանց ու կենդանիների վիճակից:

-Դիանա, Ճիշտ է, մանկության ընկերները կողքին չէին, բայց նա կարող էր նոր ընկերներ ձեռք բերել, հատկապես իր ընտրած նոր ոլորտում: Ինչո՞ւ չէր մտերմանում: Չէ՞ր վստահում մարդկանց:

-Գիտեք, այլ բան է միասին մեծանալ և սրտակից ընկերներ լինել, այլ բան, երբ նոր ու տարբեր բնավորություններ ունեցող ընկերներ ես ձեռք բերում: Գեղամն արդեն ծանոթ էր մարդկային տեսակներին և գիտեր՝ հայտնի դառնալով՝ այդքան նոր մարդկանց մեջ լավ, իսկական ընկերներ գտնելը դժվար է: Նրա միակ լավ ընկերը իմ վերոնշյալ Ամերիկայի ընկերն էր, նա մինչև հիմա էլ մեր ընտանիքի կողքին է: Մնացածը նրա հետ միասին հեռացան մեր կյանքից:

-Ո՞րն էր նրա ամենամեծ երազանքը:

-Կարելի է ասել՝ կատարել էր իր երազանքների մեծ մասը… Մեծ ցանկություն ուներ ունենալ սիրած կին ու երեխաներ, լավ ընտանիք: Նորից կասեմ, որ ուզում էր բացել թափառական կենդանիների կացարան, օգնել մանկատներին: Նա այդ նպատակով էր ապրում: Ով ճանաչում էր Գեղամին, իմ խոսքերի իմաստը լավ կհասկանա:

-Հայտնիություն ձեռք բերած մարդկանց մասին հաճախ նաև բամբասում են: Նա և՞ս անցել է նման խոսակցությունների միջով: Ինչպե՞ս էր վերաբերվում այդ խոսակցություններին:

-Ցավալի է, որ Գեղամն այդ ճանաչմամբ ապրեց ընդամենը մեկ տարի: Սակայն այդ մեկ տարին էլ բավական եղավ, որ մարդիկ նրան քիչ թե շատ ճանաչեն ու լավ բաներ խոսեն իր մասին: Իհարկե, տհաճ խոսակցություններ էլ են եղել, բայց լավը, դրականը գերակշռում էր: Չնայած, այդ խոսակցությունները ոչ թե տհաճ կամ վատն էին, այլ պարզապես իրականությունից դուրս տեղեկություններ էին, որոնք չէին համապատասխանում ճշմարտությանը: Բայց երբ դրանք Գեղամի ականջին էին հասնում, ժպտում էր ու ասում. «Եկեք ինձ հարցրեք, ոչ թե անծանոթներին: Ես ձեզ իրականությունն իմ մասին կասեմ»… Շատ էր սիրում իր երկիրը՝ Հայաստանը, իր հայոց պատմությունը: Թեև Ամերիկայի մասին երազում էր, բայց երբ գնաց ու տեսավ՝ ասում էր. «Միևնույն է, իմ հողն ու ջուրն ուրիշ է»:

-Հավանաբար, շատ երկրպագուհիներ ուներ: Սիրո՞ւմ էր շփվել նրանց հետ:

-Այո´, շատ ուներ ու աշխատում էր բոլորի հետ շփվել: Երբ խանութ, սրճարան կամ ռեստորան էր մտնում, բոլոր կողմերից կանչում էին, նկարվում, խմեցնում, խոսեցնում: Գեղամը «ոչ» բառը հազվադեպ էր ասում:

-Դիանա, Գեղամն ունե՞ր սիրած աղջիկ, ում հետ ցանկանում էր կյանքը կապել:

-Ո´չ, նա սիրած աղջիկ չուներ և ցանկանում էր հանդիպել իր մեծ սիրուն: Սուտ խոսակցություններ էին՝ իբր սիրած աղջիկ ուներ, նշանվելու էր և այլն…

-Ինչպիսի՞ կին էր փնտրում իր համար:

-Փնտրում էր խելացի, հայկական համեստությամբ ու լատինական տաքարյունությամբ աղջկա (ժպտում է): Այո´, նա ծայրահեղությունից ծայրահեղություն միասին էր ուզում:

-Խանդո՞տ էր:

-Երբեմն այո: Բայց երբ իր սիրած աղջիկն իր կողքին էր, հանգիստ էր: Ասեմ ավելին, իր սիրելին, կինը պետք է հագնվեր գայթակղիչ: Նա գտնում էր, որ կինն իր գեղեցկությունը երբեք չպետք է թաքցնի:

-Ունեցե՞լ է մեծ սեր, թե՞ դեռ սպասում էր իր միակին:

-Ունեցել է, երբ 21 տարեկան էր: Մարիան եղել է նրա առաջին ու միակ սերը: Հետագայում կապերը միայն համակրանքի վրա են ձևավորվել:

- Ինչո՞ւ բաժանվեցին:

-Մարիայի հետ ես էի ծանոթացրել, միասին ջազ քոլեջում էինք սովորում: Սիրեցին միմյանց: Գեղամն ուզում էր, որ ամուսնանային, երեխա ունենային: Բայց բոլոր մայրերի պես իմ մայրն էլ ասաց. «Գեղամ, դեռ երիտասարդ ես ու բավականին չես վաստակում, որ կարողանաս ընտանիք կազմել, երեխայի մասին հոգ տանել: Մի քիչ համբերիր, երբ բացարձակ ապահովված կլինես, ընտանիք կկազմես»: Սակայն, ինչպես շատ դեպքերում է պատահում, ժամանակի ընթացքում թեթև վեճից նեղացան: Մարիան գնաց Ֆրանսիա, թեպետ կապը պահպանվում էր… Վերջին տարիներին, երբ Մարիան արդեն ընտանիք ուներ, Հայաստան եկավ ու հանդիպեցին Գեղամի հետ: Գեղամը վերջնական գիտակցեց, հասկացավ, որ իր սիրտն ազատ է: Արդեն փնտրում էր իր կյանքի մյուս կեսին: Սակայն չհասցրեց գտնել…

- Այժմ ձեր մայրն այստեղ՝ Հայաստանում, մենա՞կ է ապրում:

-Ես տարին մեկ անգամ Հայաստան եմ գալիս, մայրս էլ մեկ ամսով գալիս է ինձ մոտ, բայց նորից վերադառնում է Երևան: Մենակ չի թողնի Գեղամին, ամեն շաբաթ գնում է Գեղամի «տուն»…

-Դիանա, Գեղամն ո՞ւմ էր ամենից շատ վստահում:

-Առաջին հերթին ինքն իրեն, իր սրտին ու հոգուն, զգացողությանն էր վստահում, հետո մայրիկիս:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս կբնութագրեք ձեր եղբորը:

-Գեղամը շատ բարի մարդ էր: Կարծես ապրում էր ուրիշին ուրախացնելու համար, իր վերջին հագուստը կտար, միայն թե այդ ուրիշը տաք լիներ, չմրսեր… Հանգիստ բնավորություն ուներ, բայց երբ առիթ էին ստեղծում, բռնկվում էր իր տաք, հայկական բնավորությամբ: Ասեմ, որ շատ չէր սիրում կիսվել: Իր ներաշխարհը ոչ բոլորն էին ըմբռնում… Շատ լավ ու վատ բաներ էր տեսել ու մինչև իր կյանքի վերջ պահեց իր մեջ: Ով իր լռության մեջ նրան հասկանար, Գեղամը նրա համար կյանքը կտար: Ափսոս, շատ կարճ տևեց ամեն ինչ, ժողովուրդը նրան շատ չճանաչեց: Այն ժամանակ շատ չէին անդրադառնում, այդ հիմա է, որ երկու ժամը մեկ կարող ես կարդալ դերասանների մասին: Բայց ես ուրախ եմ, որ թեկուզ այդ մեկ տարվա մեջ մարդիկ հասցրեցին նրան ընկալել իր վատ ու լավ հատկանիշներով: Այդ չարաբաստիկ, ծանր օրերին ժողովուրդը մեզ հետ հավասար լացում ու սգում էր Գեղամի և Արամի մահը… Իմ ու ընտանիքիս կողմից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի ողջ հայերին, ովքեր մեր կողքին էին ու մինչ օրս էլ կան:

-Դիանա, եթե չեմ սխալվում, ձեր որդուն նրա անունով եք կոչել: Նմա՞ն է փոքրիկ Գեղամն իր քեռուն:

-Այո´, փոքրիկիս անունը Դանիել-Գեղամ Պելլեգրի է: Իր քեռու հայացքն ու բնավորությունն ունի (ժպտում է): Նա դեռ 3 տարեկան է, բայց ասում է՝ քեռի Գեղամ, ծնունդդ շնորհավոր:

Նելլի Մարգարյան

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises