Հայտնի է դարձել, թե A321 ռուսական օդանավի որ նստատեղի տակ է տեղադրված եղել ռումբը
SOCIETYՌԴ քննիչներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավի որ նստատեղի տակ է տեղադրված եղել ռումբը, որի պայթյունը ոչնչացրել էր Airbus A321 ռուսական օդանավը։
Դա հնարավոր է եղել պարզել օդանավի մնացորդների եւ ուղեւորների մարմինների քիմիական եւ այլ հատուկ փորձագիտությունների արդյունքում։ Ինչպես հայտնում է LifeNews-ը, առաջնային տարբերակի համաձայն՝ պայթյունը հնչել է օդանավի 30-31-րդ շարքերի միջեւ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ մինչեւ 1 կգ տրոտիլ հզորությամբ ռումբը պայթել է 30A կամ 31A նստատեղերի հատվածում։ Ընդ որում պայթյունի ալիքը տարածվել է դեպի քթամաս եւ հասել մինչեւ 27-րդ շարք։ Պոչամասում պայթյունի ալիքը տարածվել է մինչեւ 32-րդ շարք։
Մասնագետները նշում են, որ ուղեւորները, որոնք նստած են եղել այնտեղ, որտեղ տեղադրված է եղել ռումբը, մահացել են ակնթարթորեն։ 31А տեղում նստած է եղել Սանկտ Պետերբուրգի 78-ամյա բնակիչ Նադեժդա Բ.-ն, իսկ նրա դիմաց՝ 30A-ում, 15-ամյա Մաշա Ա.-ն։



