Դպրոցի տնօրենը ստիպված է իր գրպանից վճարել աշակերտների ճանապարհածախսը (լուսանկար)
SOCIETYՎանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանն այսուհետեւ իր գրպանից կվճարի դպրոցի աշակերտների մի մասի տրանսպորտի գումարը, քանի որ չի ցանկանում կորցնել աշակերտներին։
Դեռևս գարնանը դպրոցը հարակից Ներսիսյան թաղամասի ու Սանկտ Պետերբուրգյան տնակային ավանի հետ կապող հետիոտնային կամուրջը փլվել ու մինչեւ օրս չի վերականգնվել: Նշված թաղամասերից դպրոցը բավականին մեծ թվով աշակերտներ ունի, ովքեր այս տարի կանգնել են երկընտրանքի առաջ՝ոտքով մոտ 5 կմ անցնել՝ դպրոց հասնելու համար, թե փոխել դպրոցը:
Կամուրջը գտնվում է Վանաձորի քաղաքապետարանի հաշվեկշռում: Թիվ 9 դպրոցի տնօրենը NEWS.am–իհետ զրույցում ասաց, որ բազմիցս դիմել է Վանաձորի քաղաքապետարան, որտեղից պատասխան է եկել, որ դեռևս ֆինանսական միջոցներ չկան կամուրջը նորոգելու համար: Լոռու մարզպետարանից ևս որևէ հստակ պատասխան չի ստացվել:
Առանց այն էլ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի տնօրենը որպես խնդրի ժամանակավոր լուծում ընտրել է սեփական գրպանից աշակերտների տրանսպորտի վարձը վճարելու տարբերակը, որովհետև հարակից տնակային ավանից եկող աշակերտների ընտանիքների գերակշիռ մասը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում ու ի վիճակի չէ նման ծախսեր անել:
«Աշակերտներիս համար կամրջով մի քանի մետր անցնելն ու դպրոց հասնելը շատ հարմար էր: Հիմա մի քանի կմ ճանապարհ պետք է անցնեն, ինչը դժվար կլինի հատկապես ձմռան ամիսներին: Խնդրել եմ, որ մինչև ցրտերն ընկնելը ոտքով գան, իսկ ցրտերն ընկնելուն պես ես պետք է վճարեմ նրանց տրանսպորտային ծախսերը»,- ասում է տնօրենը:
Սա հարցի ժամանակավոր լուծում է: Տնօրենի խոսքով` սեփական գրպանից էլ երկար ժամանակով չի կարող հոգալ այդ ծախսը:
«Եթե առաջիկայում այս խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, ես ուղղակի մեծ թվով աշակերտներ կկորցնեմ»,- մտահոգություն հայտնեց նա։




