«Եռաբլուրում» մեքենաներ վնասելու եւ թալանելու դեպքը 4 ամիս անց չի բացահայտվել
SOCIETYԱպրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վնասելու միջոցով ավտոմեքենաներ թալանելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։
ՔԿ–ից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են, սակայն դրանք չեն կարող տրամադրվել, քանի որ պարունակում են նախաքննական տվյալներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որը դեպքից հետո իր հսկողության տակ էր վերցրել գողության բացահայտումը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահները տեսադաշտում ունեին ենթադրյալ կատարողին, բայց լրագրողները հնչեղություն տվեցին դեպքին, համակարգչի գողությունը չբացահայտվեց։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդուն։ Նշված մեքենայից հափշտակել էին խոշոր չափի գումար:
Թալանված երկրորդ ավտոմեքենան եղել է NEWS.am-ի թղթակիցներից մեկինը։ Այդ մեքենայից գողացել են դրամապանակ եւ համակարգիչ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի (խոշոր չափերով գողություն կատարելը) եւ 185-րդ հոդվածի 1-ին մասի(ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով։



