Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(հատված)

ԴԱՐ ԿՈՐՍՏՅԱՆ

Մոտ է լուսաբացը, միայն թե այս վերջին ժամին էլ դիմանա, միայն թե կարողանա գեթ մի ակնթարթ լռեցնել քունքերի տակ բյուրավոր սմբակներով դոփող կորստյան դարի կորստյան վայրկյանների թակոցը: «Լուսաբացի հետ չի լինի Անին,- մռլտում են վայրկյանները,- իսկ դու դեռ ընտրություն չես կատարել ցավի ու վրեժի միջև: Միևնույնն է, չես փախչի վճռից, ժամանակագիրները վաղը գրելու են. «Հայոց հինգ հարյուր տասներեք թվի մեհական ամսին կործանվեց Անին»:

Չէ, միևնույնն է, չի հանձնվի, Գայլ Արշավիրը երբեք չի հանձնվել: Գիշերվա վերջին ժամի այս վայրկյաններին էլ կդիմանա: Մոտ է լուսաբացը, ցավն աստիճանաբար մարում է: Հիմա ուր որ է ոտքի կբարձրանա: Ահա մահիճը չկամ ճռռոցով տեղի է տալիս, մարմինը դանդաղորեն բարձրանում է ներքնակից:

Ասես երկիրն ու երկինքն են բաժանվում իրարից: Բոբիկ ոտքերն արդեն շոշափում են հատակը, բայց հիմա էլ վերմակն է պատանքել մարմինը, վեր ու վար է անում դուրս պրծնել փորձող դողդոջուն ձեռքի հետ, երկարաձգում մարմնի և մահճի բաժանումը:

Հիմարացած մահը ձեռքի ու վերմակի ամեն շարժման հետ մեկ մահճից ցած է սողում, մեկ կրկին վեր բարձրանում, հաստատ չի ուզում լքել տաքուկ անկողինը, բայց շապկի փեշերից կախ ընկած, ետևից մինչև Անի էլ կհասնի: Ձեռքը վերջապես հասնում է աթոռակին, բայց այն չի ցանկանում մահճից պոկվող մարմնին հենարան դառնալ, երերում է ու երերում, իսկ վերմակն արդեն ցած սահել, ծնկներն է գրկել:

Մարմինը ճկվում է մահճի ու աթոռակի միջև, ահա ուր որ է կուղղվի, բայց վերջին պահին աթոռակը դավաճանաբար մի կողմ է ցատկում: Ընկնում է, բայց չի լսում մարմնի թրմփոցը: Կեղծավոր վերմակը անձայն քրքջում է իր ու հատակի արանքում: «Քիչ հանգստացի՛ր,- քչփչում է ականջին,դի՛ր գլուխդ ու մի ակնթարթ փակի՛ր աչքերդ, տես, թե անքուն գիշերներից հետո ի՜նչ քաղցր է լուսադեմի նինջը»: Հիմա էլ ետևից ընկած դեպի դուռն է քարշ տալիս: 

«Ինձ էլ տար հետդ, քեզ կպաշտպանեմ վաղորդյան զով քամուց,- ոչ այն է` քծնում է, ոչ այն է` ծաղրում,- ճամփան երկար է մինչև Անի»: Արդեն գտել է ձեռնափայտը, նրա ծայրով դուռն է հրում, զով քամին ճեղքից կյանք է փչում դեմքին, իսկ նա դեռ ամոթաբար կախ է ընկած շապկից: «Ճանապարհին պատմեմ, թե ինչ եղան մայրն ու նորածինը,-գոչում է ետևից,միակ կինը, որ ստեղծված էր քեզ համար, միակը, որ ողջ կյանքում սիրելու էր քեզ, նախկինի նման փայփայելու խեղված մարմինդ, մանկիկը, որ քեզ հայր էր կոչելու:

Քեզ զրկեցիր կանացի սիրուց ու հայրական գորովից, որ միայն այս անիծյալ հո՞ղը սիրես: Կա՛նգ առ,կանչում է,- կպատմեմ, թե ինչպես սպանվեց Սմբատը: Ամեն ինչ ցանկացար իմանալ, ամեն տեղ քիթդ խոթեցիր ու առաջինը եղար, հիմա էլ Անի ես շտապում, որ ետ չմնաս մյուսներից, բայց չես ուզում լսել սիրելիներիդ մասին: Եթե նրանց կորստյան չմատնեիր, հիմա չէիր մնա միայնակ ու անօգ»:

Մի՞թե պրծում չկա ձայներից ու տեսիլներից: Ապաշխարության գիշերը ձգվել է կյանքի պես երկար, կրկի՞ն պետք է անցնի Հոգյաց վանքից Անի ձգված ցավատանջ ճամփան: Նահատակները շփոթ բանակներով ելնում, առաջն են կանգնում: Ահա Հոգյաց վանքում մորթված միաբանները, հայրն ու եղբայրները, Ծախկոցաձորի, Հուրաստանի կիրճի ու Դվինի ճակատամարտերի քաջերը, Սմբատը, Վահրամ Պահլավունին...

Ձայները պատեպատ խփվում, թափվում են գլխին: Կանչում են իրեն, ասում են. «Բավական է, եկ ու խառնվիր մեր զորավոր բանակին»: Հոծ շարքերը սեղմվում ու ճամփա են բացում մոտեցող վեհաշուք կնոջ առաջ:

Աստվա՜ծ իմ, մայրն է, շուրջը նայում, իրեն է փնտրում: Զուր է փորձում գլուխը թաղել վերմակի տակ, մոր ամենատես ձեռքերը գտնում, մեղմորեն սահում են դատարկ ակնակապիճների վրայով:

«Բավական է, հոգնել ես, զավա՛կս,- ականջներում հնչում և չի մարում հարազատ ձայնը,տուն դարձի՛ր»: Ինչպե՞ս հեռու վանի սիրելիներին, ինչպե՞ս լքի նրանց: «Մի՛ շտապիր,շշնջում է սրտապնդված վերմակը,- չէ որ վերջին գիշերդ է, միակը, որ քոնն է: Քեզ էլ ինչ Անին, չէ որ սպառվում է ժամանակդ, քոնն արդեն նրանք են, որ եկել կանչում են անցյալից: Վայելիր վերջին ժամիդ հանգիստը: Պայքարն այսուհետ ապրողներինն է, ոչ ոք այլևս չի սպասում, ոչ ոք այլևս չի հիշում քեզ: 

Հողմի պես եկավ ու հողմի հետ անցավ ժամանակդ: Ծառերը ծաղկեցին, բայց տերև ու պտուղ չտվին, չորացան ու մեռան: Ետ դարձի՛ր փափուկ մահիճը, գլուխդ դի՛ր բարձին և լսի՛ր միալար երգը կյանքի ու մահվան: Թող գոնե վերջդ խաղաղ լինի»: Չէ, Գայլ Արշավիրը երբեք բացվող օրից գլուխը չի թաքցրել վերմակի տակ,ավելի քան քառասունհինգ տարի, այն օրից ի վեր, երբ Հոգյաց վանքի տանիքն էր բարձրանում Աստծո Միածին Որդու երկրորդ գալուստը տեսնելու միամիտ հույսով, միշտ էլ ծեգը ոտքի վրա է դիմավորել: Շրխկացրել է դուռը երեկվա երեսին և ընդառաջ գնացել բացվող օրվան: Ամեն գիշեր հիվանդ ու հուսահատ է անկողին մտել, բայց առավոտյան զինվորի օրինապահությամբ ոտքի կանգնել` ցավն ու հոգնությունը թողած մահճին:

 

...Միևնույնն է, կանցնի շեմը, Անի կգնա: Ահա ձեռնափայտը կրկին գտել է դուռը, որը կռնատի ուսի ճնշման ներքո դժկամ ճռռոցով տեղի է տալիս: Ներխուժած զով քամին մարում է ձայները, ցրում տեսիլները: Անցյալի բեռը թոթափած մարմինը վերջապես անցնում է շեմը: Անաչառության դիմակը պատռած դուռը աղմկոտ ետդարձով լոկ դատարկված սենյակի բերանն է խցանում: Պատի գերանները նվվում են վրիպած թակարդի հուսահատ կատաղությամբ: Վերմակը դռան ետևում է մնացել, այդ արդեն մահն է շապիկի փեշից կախ ընկած ոստոստում շուրջը, բայց հիմա ոտքի կկանգնի ու կքայլի, միայն թե մի անգամ էլ խոր շունչ առնի, թոքերը լցնի վաղորդյան կենարար օդով:

Մինչև կեսօր կհասնի Անի և ձեռնափայտով կթակի քաղաքի առաջին իսկ պատահած դարպասը: Թող տեսնեն ու իմանան, որ ատեցին ու արտաքսեցին Գայլ Արշավիրին, բայց ինքը եկել է օրհասական ժամին նրանց հետ լինելու: Վա՜յ այն անհավատին, որ կփորձի փակել ճանապարհը:

Ասում են` բոլոր անհավատները եկել, շրջապատել են Անին, բայց հարյուր բյուր էլ լինեն, իր առաջ սարսափահար մի կողմ կքաշվեն, որովհետև քայլերից կհասկանան, որ այս հողի տե՛րն է գալիս: Յուրայինների ձեռքով բզկտված, բայց օտարի դեմ կռվում անպարտ Գայլ Արշավիրն է գալիս: Անիծյալ անեցինե՛ր, եթե իրոք ատեի ձեզ, մի՞թե կկարողանայիք հաղթել Գայլ Արշավիրին: Տե՛ղն է ձեզ, արծաթասեր շներ: Երկիրն ակոսած կորստյան վիհը ձեր դռանն էլ կանգնեց: Գոնե հիմա կհասկանաք, որ արծաթից ու ոսկուց ավելի թանկը կա, առուծախի մեջ անգամ խաբվեցիք: Վաճառականների մեջ ամենաձախորդը եղաք: Ասում են` հոռոմները քաղաքի պարիսպը թողել, միջնաբերդ են բարձրացել: Ո՞վ է հիմա պարիսպների վրա, ովքե՞ր են ետ մղում անհավատների գրոհները: Ուրեմն դեռ կան քաջեր: Հանուն այդ քաջերի ոտքի կկանգնի Գայլ Արշավիրը:

...Աշխարհը նման անճարակ կույր դեռ չի տեսել: Շտապեց և ուշացավ... Արդեն դեպի ձախ է խարխափում, աջ ուսը` ցանկապատում: Գերանների չորացած կեղևները ուսի վրա պատռել են շապիկը, քրքրում են ծերունական ծալքավոր մաշկը: Բայց կռնատ ուսը, ելք գտնելու հույսով, ավելի ու ավելի է սեղմվում փայտյա անվերջանալի պատնեշին: Մի՞թե կրկին շտապեց, դարպասն աջ կողմո՞ւմ էր, մի քանի գերան էր մնում մինչև դարպասը, իսկ ինքը ետ դարձավ: Ինչպես և ողջ կյանքում` ելք փնտրեց, բայց պատնեշի հանդիպեց:

«Մենք քո սահմանն ենք,- ծոր են տալիս ուսը քերող գերանները,- մենք քո միս ու արյունն ենք, սերդ ու ատելությունդ, ցավդ ու վրեժդ: Ելք մի՛ փնտրիր, չես գտնի, ինչպես և քառասունհինգ տարի չգտար:

Ոչ մի դարպաս էլ չի եղել ու չկա, քեզ մի խաբիր, ինչպես ավելի քան քառասունհինգ տարի խաբեցիր..»: Բայց նրա՞նց հավատա, թե՞ սրտին, որ կտոր-կտոր է լինում կրծքի տակ, նրա՞նց հավատա, թե՞ ուսին, որ քիչ է մնում տապալի գերանները: Անարտասուք հեկեկում է, իսկ ինչ-որ տեղ, շատ մարդիկ, կրնկի վրա բաց դուռը ճոճվում է ել ու մուտ անող պարապ քամուց:

Ետ է քայլում ցանկապատից, վայր դնում ձեռնափայտը և բռում գուղձեր հավաքում:

Գուղձերը մեկ աջ, մեկ ձախ են թռչում:

 Ահա այս մեկը գնաց, ու չլսվեց գերաններին փշուր-փշուր եղած նրա խուլ թմփոցը: 

Գնում է դարպասը գտած գուղձի ետևից: Ականջին քամու մեղմ սուլոց է հասնում: Լայն շապիկը առագաստի նման ուռչում է ու ծփում: Քամին սաստկանում է ու սաստկանում: Կույր աչքերը տեսնում են լայն բացված դարպասը: Սիրտն անհամբերությունից դուրս պրծնելու ավելի վճռական փորձ է անում, ուր որ է կճեղքի կրծքավանդակը և Անի կսուրա:

Մարմինը զուր է փորձում հասնել սրտի ետևից: Համընթաց քամու բերանն ընկած առագաստի նման առաջ է սուրում, բայց արդեն անկարող է հասնել Անի թռչող սրտի ետևից..

Անցել է դարպասը և ընկել գետնատարած: «Հայոց հինգ հարյուր տասներեք թվի մեհեկան ամսին կործանվեց Անին»,- կգրեն ժամանակագիրները, բայց ոչ ոք չի իմանա, որ նույն տարվա նույն ամսի նույն օրը կործանման կանխազգացումից պայթեց Գայլ Արշավիրի սիրտը: Կորստյան ցավը մի վերջին անգամ խոցեց և հազար կտոր արեց նրա սիրտը: 

Միայն ձեռքն է, որ դեռ գրկել է հողը: Կայմը կոտրած առագաստի նման ճերմակ շապիկը թպրտում է քամու բերանում, փորձում ոտքի հանել հանգչող մարմինը, բայց ձեռքն այնպես է կառչել հողից, որ ոչ մի ուժ ընդունակ չէ նրան կտրել գետնից: Եղածը կես գրկաչափ է, բայց թվում է` ողջ երկիրն է կրծքով փակել: Գրկել է և ոչ մեկին չի տա այդ մի կտոր հողը:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

***

Երկու կյանքերի հորիզոններում

աղավնու երկու թևեր են ճախրում,

երկու կարոտ կա ծովերի վրա

և հառաչանքի ծովերի ծալքում.

Հանի՛ր, սիրելիս,

մտքիցդ հանի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Երկու կարոտ կա ծովերի վրա

և հառաչանքի ծովերի ծալքում.

- Փռի՛ր, սիրելիս

հեզորեն փռի՛ր ալիքների մեջ

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ

աղավնու երկու թևեր են ճախրում,

երկու փետուր է պոկվում թևերից

և հառաչանքի ծովերին բախվում,

իմ կյանքի համար ընկած փետուրից

տխրության երկու բառեր են կախվում.

- Հանի՛ր, սիրելիս,

մտքիցդ հանի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ

աղավնու երկու թևեր են ճախրում,

թևերը կարոտ ծովերին բախվում

և մերկանում են փետուր առ փետուր,

և մերկանում են թևերը մեկ-մեկ.

ճերմակ աղավնին գնում է, կորչում

տրտմության, պահի, օրերի հերկում.

- Իմ կարոտների ստվերների մեջ

փռի՛ր, սիրելիս,

հեզորեն փռի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

***

Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ

իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,

ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,

ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:

Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝

հին սերերից խանձված,

մաշված իմ վրանում,

որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝

իմ ծերացած հոգու սառած

դամբարանում:

«Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում

ծերուկ,

և կա, - ասում էիր, - լուռ անթեղված կարոտ»,

ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,

կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:

Դու գիտեիր, որ ես՝ և ծեր,

խանձված, և ծեր,եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,

ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր

մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:

Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,

քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,

թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,

իսկ դու – դեռ տաք – քայլիր մոխիրներիս միջով:

Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,

դու՝ ծերերին տրված երեխայի հասակ

և խավարս ցրող վերջին իմ աստնվոր –

իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns