Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը վերադարձել է ռուսաստանյան հյուրախաղերից
SOCIETYԿ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 1-17-ը մասնակցել է Մոսկվայում կայացած «Սմոտրինի» (“Смотрины”) ժամանակակից ռուսական դրամայի միջազգային փառատոնին՝ նվիրված ռուս ժամանակակից գրող, դրամատուրգ, «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի ստեղծագործական ժառանգությանը:
Ինչպես տեղեկացրեցին թատրոնի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 10-ին Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ցուցադրել է «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (ըստ Յու. Պոլյակովի պիեսի) ներկայացումը ` թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ:
Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Ալ. Գրիգորյանի ռեժիսուրան և ՀՀ վաստակավոր արտիստներ Ֆրեդ Դավթյանի, Սերգեյ Մագալյանի աշխատանքները: Հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել (դրվել են նաև լրացուցիչ աթոռներ):
«Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման առաջնախաղը կայացել է 2008-ին:
«Սմոտրինի» փառատոնին այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում: Փառատոնի նախագահն է Յուրի Պոլյակովը:
Նոյեմբերի 12-ին և 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է նաև Մոսկվայում անցկացվող «Մեծ հյուրախաղեր-2015» ծրագրին, որի շրջանակում ցուցադրել է «Կրքեր ըստ ռևիզորի» (հեղինակ՝ Ն. Գոգոլ, բեմադրությունը՝ Ալ. Գրիգորյանի) և «Ամեն ինչ վաճառվում է» (հեղինակ՝ Ա. Օստրովսկի, բեմադրությունը՝ Ալ. Գրիգորյանի) ներկայացումները: Մոսկվայի Կինոդերասանի թատրոնի բեմում հայ դերասանները մեծ հաջողություն են ունեցել: Ջերմ է եղել հանդիսատեսի արձագանքը: Բարձր գնահատականի են արժանացել ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանի, երիտասարդ դերասան Մանվել Խաչատրյանի աշխատանքները:
«Մեծ հյուրախաղեր» ծրագիրն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի և Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ: «Մեծ հյուրախաղեր» ծրագիրն իր մեջ ամփոփում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ԱՊՀ երկրների տարածքում գտնվող ռուսական թատրոնների հյուրախաղեր՝ ՌԴ տարածքում:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերին աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը (ղեկավար՝ Արա Աբրահամյան):
Ռուսաստանի հայերի միության կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը արժանացել են մրցանակի՝Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար:



