Վերին Արտաշատում ՃՏՊ-ի հետեւանքով կա երկու զոհ
SOCIETYԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 21-ին ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Վթարի հետեւանքով կան տուժածներ, եւ նրանց օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 եւ «ՎԱԶ-21 06» մակնիշի 25 TL 315 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեքենաների ուղեւորները եւ վարորդները տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ, այնուհետեւ «Սբ Աստվածամայր» ԲԿ: Հիվանդանոցում տուժողներից երկուսը մահացել են, ուղեւորներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսինը` ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ-21 06» ավտոմեքենայի գազի բալոնի փականները:



