«Ինչու՞ ես պետք է այստեղ զվարճանամ, երբ մարդիկ լացում են». Մադոննան Փարիզյան ահաբեկչության մասին
SOCIETYԱնկրկնելի երգչուհի Մադոննան բեմ է բարձրացել իր շրջագայության հերթական քաղաքներից մեկում` Ստոկհոլմում, և հուզիչ խոսքեր ասել Փարիզյան ահաբեկչության մասին,-տեղեկացնում է Past.am-ը: Մադոննան արցունքներն աչքերին ասել է երկրպագուներով լի դահլիճին, որ ինքը գրեթե չեղյալ է համարելիս եղել շոուն և այժմ շատ դժվար է իր համար ելույթ ունենալ:
«Այս ամբողջ շոուն կյանքը փառաբանելու, սեփական իրավունքների համար ոտքի կանգնելու և այն ամենի համար պայքարելու մասին է, որին դու հավատում ես: Ինձ համար շատ դժվար է եղել մինչև հիմա ելույթ ունենալ և միևնույն ժամանակ չմոռանալ, թե ինչ է տեղի ունեցել Փարիզում, այդ պատճառով ես պետք է օգտագործեմ այս պահը` ողբերգության, ողբերգական սպանությունների, անխղճորեն կյանքեր խլելու մասին խոսելու համար: Այն տանջել է ինձ ամբողջ օրը: Եվ իսկապես դժվար է եղել ինձ համար անցնել այս ամենի միջով, ներկայացնել շոուն, որովհետև, թվում է, թե ուր որ է կփղձկամ: Ինչու՞ եմ ես այստեղ պարում ու զվարճանում, երբ մարդիկ լացում են՝ կորցրած լինելով իրենց սիրելի մարդկանց»:
Նա գրեթե շոուն չեղյալ համարելու ճանապարհին է եղել, երբ որոշել է, որ չպետք է թույլ տա նրանց խանգարել իրենց ազատությունը վայելել:
«Դա հենց այն է, ինչ այդ մարդիկ ուզում են: Նրանք ուզում են փակել մեր բերանները: Նրանք ուզում են լռեցնել մեզ: Բայց մենք նրանց թույլ չենք տա: Մենք երբեք թույլ չենք տա: Որովհետև միասնության մեջ կա ուժ, և ես հավատում եմ, որ ինչքան էլ ցավ, անխիղճ դաժանություններ, ահաբեկչություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, բարությունն ավելի շատ է: Մենք այստեղ ենք դա ապացուցելու համար»,- ասել է երգչուհին:



