Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բացել են Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը
SOCIETYԲուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները քիչ առաջ բացել են Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը, նրանք բողոքի ակցիան շարունակում են իրականցնել Բաղրամյան պողոտայի հանդիպակաց 2 մայթերին: Ցուցարարների խոսքով՝ իրենց պահանջը հանդիպումն էր ԱԺ ղեկավարության հետ:
Այս պահին ակցիայի մասնակիցներից 5 հոգանոց խմբին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Չենք հեռանալու, սպասելու ենք Թունյանի հետ հանդիպող մեր խմբի պատասխանին, եթե պատասխանը չգոհացնի, կրկին փակելու ենք Բաղրամյան պողոտան»,- ասաց ցուցարարներից մեկը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում:



