Վ. Օսիպյանը մի շարք հանձնարարականներ է տվել Ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ժամանակ (տեսանյութ)
SOCIETYՄայիսի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության մասնակցել են կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր:
Վալերիյ Օսիպյանը խոսել է հանցագործությունների ու բացահայտումների մասին: Նա նշել է, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Ոստիկանության պետը հանձնարարել է ևս մեկ անգամ զրուցել տուժողների հետ, ի հայտ բերել նոր հանգամանքներ, որոնք կօգնեն բացահայտել հանցագործությունը:
Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես և հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը նշել է նաև, որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ:
Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Ավարտին տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են դրամական խրախուսանքների:



