Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, բայց վստահ եմ, որ հնարավոր է գործակցության եզրեր գտնել․ Տիգրան Սեյրանյան

POLITICS

 

Tert.am-ը հարցազրույց է անցկացրել Ուկրաինայում նորանշանակ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ: Ըստ նրա՝ հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն:

 

«Յուրաքանչյուր պետություն գործում է` ելնելով իր կենսական շահերից, և լինում են շրջաններ, երբ այդ կենսական շահերն օբյեկտիվորեն տարբեր առաջնայնություններ ունեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է գործակցության եզրեր գտնել, բարելավել հարաբերությունները, և ես այդ առումով լավատես եմ, դրա նախանշաններն ունենք»,- ասել է նա:

- Պարո՛ն Սեյրանյան, վերջերս եք նշանակվել Ուկրաինայում ՀՀ դեսպան, համարվում է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները սկսել են անկում ապրել Երևանի և Կիևի արտաքին քաղաքական վեկտորների փոխվելուց, Եվրամայդանից և Ղրիմի՝ Ուկրաինայից անջատումից հետո: Կուզենայի Ձեր դիրքորոշումն  իմանալ՝ իրականում ինչպիսի՞ն են հայ-ուկրաինական հարաբերությունները:

 

- Դուք ճիշտ նկատեցիք, որ հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, նաև հարցը նախանշել է դրանց որոշակի սառնության պատճառները։ Յուրաքանչյուր պետություն գործում է` ելնելով իր կենսական շահերից, և լինում են շրջաններ, երբ այդ կենսական շահերն օբյեկտիվորեն տարբեր առաջնայնություններ ունեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է գործակցության եզրեր գտնել, բարելավել հարաբերությունները, և ես այդ առումով լավատես եմ, դրա նախանշաններն ունենք։

-Վերջերս Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հաղթանակ տարած թեկնածու Վոլոդիմիր Զելենսկին դեռևս ընտրությունների քվեարկության օրն ասել էր, որ հայ-ուկրաինական հարաբերությունները հրաշալի են, իրենք հասկանում են հայերին: Նա անգամ ասել էր, որ պատրաստ է գալ Հայաստան: Սա արդյո՞ք ուղերձ, ձեռք մեկնում է ուկրաինական կողմից, հայկական կողմն այն ինչպե՞ս է ընկալում:

 – Ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած երկու թեկնածուներն էլ ջերմ են խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին, և, կարծում եմ, անկեղծ են եղել։ Այս վերաբերմունքը փոխադարձ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Վոլոդիմիր Զելենսկուն, այն էլ ուկրաիներեն լեզվով, մի հանգամանք, որ չափազանց գնահատվեց Ուկրաինայում։ Ի դեպ, պարոն Զելենսկին իր պաշտոնակալման արարողությանը մասնակցելու նպատակով Կիև ժամանած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նշեց դրա մասին՝ իրեն հատուկ հումորով ասելով, որ «հաշիվը 1-0 է՝ վարչապետ Փաշինյանի օգտին»։

Ընտրված նախագահին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Միմյանց դիրքորոշումների ընկալումն ամենակարևորն է այս պարագայում, և այդ ընկալումը թույլ կտա հաղթահարել առկա թյուրընկալումները։ Ինչ վերաբերում է բարձրաստիճան փոխայցելություններին, ես հավատում եմ, որ դրանք կլինեն, այդ ուղղությամբ աշխատելու եմ։ Համոզված եմ, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը ևս ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ։ Իհարկե, դրանք հապճեպ չեն կազմակերպվում․ նախ և առաջ, բարձր մակարդակով այցերի համար բովանդակություն է պետք պատրաստել։

-Պարո՛ն Սեյրանյան, ինչպես նշվեց, հայ-ուկրաինական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում նաև Ղրիմի հետ կապված հարցերում ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկությունների պատճառով: Շատերը կարծում են, որ Հայաստանն ուկրաինական բանաձևերի քվեարկության ժամանակ կարող է չեզոքություն դրսևորել՝ դեմ քվեարկելու փոխարեն: Հայաստանի նոր իշխանությունները, Դուք, որպես Ուկրաինայում ՀՀ դեսպան, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ:

 -Այո, կա այդ խնդիրը։ Բայց հարցին պետք չէ միակողմանի նայել։ Ուկրաինան ևս զանազան միջազգային հարթակներում սատարել է հակահայ դրույթներ պարունակող փաստաթղթերի։ Հայաստանը չի կարող դեմ չլինել մի փաստաթղթի, ուր Հելսինկյան եզրափակիչ ակտի մի շատ կարևոր՝ ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը, անտեսվում է կամ ստորադասվում մեկ այլ սկզբունքի։ Ինչևէ, կարծում եմ՝ կողմերը հնարավորություն ունեն առաջիկայում ավելի ուշադիր մոտենալ միմյանց դիրքորոշումներին, փորձել մերձեցնել դրանք, հասնել որոշակի փոխըմբռնման։ Ի դեպ, լավ օրինակներ էլ ունենք։ Այսպես, 2013, 2015 և 2018թթ. Ուկրաինան համահեղինակել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ՄԻԽ ներկայացված «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևերը, իսկ 2015թ., ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում՝ ցեղասպանություններին վերաբերող մեկ այլ փաստաթուղթ։

Կարևոր է բաց և ազնիվ քննարկել այդ հարցերը։ Երկխոսությունը երբեք չի դադարել, սակայն վերջին շրջանում կողմերին հաջողվեց նոր թափ հաղորդել դրան։ Կարճ ժամանակահատվածում տեղի ունեցան ԱԳ նախարարների տեղակալների մակարդակի քաղաքական խորհրդակցություններ Երևանում և Կիևում, հաստատվեց հետագա խորհրդակցությունների ծրագիրը։ Ինչպես վերը նշեցի, Հայաստանը բարձր մակարդակով մասնակցեց երկրի նոր նախագահի պաշտոնակալման արարողությանը։

-Վերջերս լայն քննարկման առարկա էր դարձել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի հետ կապված միջադեպը, որին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահներն արգելել էին Հայաստան մուտք գործել, քանի որ, ինչպես պարզվել էր, Ռուսաստանի ու Հայաստանի միջև կա կոորդինացիա անցանկալի անձանց գծով: Սա արժանացել էր քննադատության, այն մասով, որ ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա ազդող միջադեպ էր: Չե՞ք կարծում, որ այն իսկապես կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Դուք ուկրաինական իշխանությունների հետ այս հարցի հետ կապված քննարկումներ ունեցե՞լ եք, պարզաբանումներ եղե՞լ են:

 – Միջադեպն իրոք տհաճ էր, բայց, կարծում եմ, այն որոշակիորեն հարթվեց, նաև ՀՀ ԱԺ-ում նորաստեղծ Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հովհաննես Իգիթյանի և քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ։ Չեմ կարող լիովին համաձայնել առկա, նաև ուկրաինացի պատգամավորի, ընկալումների հետ։ Հարցին անդրադարձել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշելով, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ։ Բանն այն է, որ «2015 թվականին Մուստաֆա Նայեմն օտարերկրացիների մասին օրենքի համաձայն ընդգրկվել է Հայաստանում որպես անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքին արգելք է դրվել»։ Այնուհետև «մեծ քանակությամբ օտարերկրյա քաղաքացիների մուտքը, որ արգելափակված էր Հայաստան, բացվել է։ Երեսուն հազարից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնք հանվել են այդ ցանկից։ Տեխնիկական վրիպակ է եղել, և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում։» Ի վերջո, Մուստաֆա Նայեմը մուտք է գործել Հայաստան։»։

Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ուկրաինական ԱԳՆ-ից մեզ ահազանգ է փոխանցվել, և իմ՝ վերը բերված բացատրությունից հետո այլ հարցադրումներ չեն եղել։

-Ընդհանրապես ինչպե՞ս է ընկալվում այսօրվա Հայաստանն Ուկրաինայի կողմից:

– Այդ ընկալումները բազմաշերտ են։ Դրանք կարելի է բաժանել երեք շերտի կամ մասի՝ պատմական, արժեհամակարգային և արտաքին քաղաքական։ Արտաքին քաղաքականի մասին ես բավականաչափ խոսեցի։ Պատմական ընկալումը շատ դրական է, քանի որ հայ-ուկրաինական պատմական առնչությունները հազարամյակի հարուստ պատմություն ունեն, դրանց մասին շատ է խոսվում, ու մեր խնդիրն է դրանք ավելի բացահայտել և ներկայացնել ժողովուրդների ուշադրությանը։

Արժեհամակարգային ընկալումը ևս դրական է։ Չնայած ինտեգրացիոն տարբեր ձևաչափերի՝ երկու երկրներն էլ որդեգրել են ժողովրդավարական զարգացման ուղին, երկու պետություններում էլ անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, քաղհասարակությունները չափազանց զարգացած են, վերջին ընտրությունները եղել են մրցակցային և թափանցիկ։ Ի դեպ, շատ դրական եմ գնահատում, որ քաղաքացիական ակտիվիստների միջև զարգանում է համագործակցությունը, և հենց այդ շրջանակներում է, որ Մուստաֆա Նայեմն այցելեց մեր երկիր։ Ուկրաինայում բարձր գնահատվեց Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը։

-Նաև վերջերս շրջանառվում է տեսակետ, որ Հայաստանը կարող է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Մենք կարո՞ղ ենք մեզ նման դեր ստանձնել:

– Չեմ կարող մեկնաբանել այս տեսակետը։ Առաջին հերթին ուկրաինական և ռուսական կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն երկխոսությունը վերսկսելու հարցում։ Մեր վարչապետն իրավացիորեն վերջերս նշել էր, որ երկու կողմում էլ մեր բարեկամներն են։ Տարածաշրջանը միայն կշահի խաղաղությունից և կայունությունից։

- Հայ-ուկրաինական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժի մասին շատերն են խոսում: Ի՞նչ մակարդակում են գտնվում տնտեսական հարաբերությունները, արդյոք կա՞ն փոխադարձ պայմանավորվածություններ՝ դրանք բարձրացնելու ուղղությամբ:

 -2018 թվականին երկկողմ առևտուրը, ըստ հայկական կողմի տվյալների, հասել է գրեթե 171 միլիոն ԱՄՆ դոլարի, 45 միլիոնով ավելի շատ, քան 2017 թվականին։ Եղել են տարիներ, երբ ապրանքաշրջանառությունը հասել է 300 միլիոն դոլարի։ Այս տարի ցուցանիշները դեռ տպավորիչ չեն, բայց տարվա մեծ մասը դեռ առջևում է։ Իմ կարծիքով` հրամայական է դարձել վերսկսելու հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը որի վերջին նիստը տեղի է ունեցել 2013 թվականին։

Ներուժ, բնականաբար կա։ Կարող ենք նույնիսկ ներդրումներ ակնկալել Հայաստանում, թեպետ Ուկրաինան ինքը ներդրումների մեծ կարիք ունի։ Այս առումով մեծ ակնկալիքներ ունենք նաև մեր այն հայրենակիցներից, ովքեր Ուկրաինայի գործարար ոլորտում զգալի հաջողությունների են հասել։ Եվ կան այդպիսի մարդիկ, որոնք ներդրումներ են անում կամ աջակցում հայաստանյան արտադրանքի արտահանմանը։

-Ո՞ր ոլորտների զարգացումն է ընդհանրապես ընկած երկու երկրների ուշադրության կենտրոնում:

 -Ես չէի ցանկանա առանձնացնել կամ դուրս թողնել որևէ ոլորտ։ Բոլոր ոլորտներն էլ կարևոր են, այդ թվում` քաղաքական երկխոսությունը։

-Ուկրաինայում գործում է մեծ հայկական համայնք: Շատ է նշվում, որ այն կարող է կապող օղակ լինել երկու երկրների միջև: Հետաքրքիր է՝ համայնքն ի՞նչ կարծիք ունի այսօրվա հայաստանյան իշխանությունների՝ Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ և պատրա՞ստ է կամուրջի դերը ստանձնելուն:

– Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները հազարամյակի պատմություն ունեն։ Այո՛, Ուկրաինայում մեծաքանակ հայ համայնք կա, գործում են մի շարք կազմակերպություններ, որոնցից ամենախոշորը գործարար Վիլեն Շատվորյանի գլխավորած Ուկրաինայի հայերի միությունն է։

Ուկրաինայի հայերը միշտ պահել են կապը Մայր հայրենիքի հետ, թեպետ պետությունների միջև հարաբերությունների որոշակի սառնությունն անդրադառնում է նաև համայնքի տրամադրությունների վրա։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավումը նոր շունչ կհաղորդի նաև ուկրաինահայերի մոտեցումներին։ Համայնքը հսկայական ներուժ ունի. մշակութային, գործարար, նաև քաղաքական և վաղուց է այդ «կամրջի» դերն ստանձնել, համոզված եմ` այն առաջիկայում ավելանալու է։

Իհարկե, մենք էլ պետք է ավելի ուշադիր լինենք դրա մտահոգությունների և կարիքների հանդեպ։ Պաշտոնավարման առաջին իսկ օրից հանդիպում եմ մեր հայրենակիցների հետ, քննարկում համատեղ ծրագրերի հնարավորությունը, սկսել եմ այցելել տարածաշրջաններ։ Հայաստանը երեք պատվավոր հյուպատոսություն ունի Ուկրաինայում՝ Խարկովում, Չերկասիում և Տերնոպոլում, որոնք գլխավորում են Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցները։ Ծրագրում եմ մեծացնել այդ ցանցը։

- Վերջին հարցը․ կուզեի իմանալ՝ ի՞նչ ուղենիշ եք Ձեզ համար սահմանել հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար․ ինչպիսի՞ն եք Դուք ցանկանում տեսնել դրանք Ձեր կողմից իրականացվելիք դիվանագիտական առաքելության տարիներին:

– Ուղենիշի մասին խոսելն առայժմ վաղ է։ Դեռևս գնահատման փուլում եմ։ Հետո, պետք է տեսնել, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան Ուկրաինայում պարոն Զելենսկու կողմից պաշտոնը ստանձնելուց և աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո։ Ամեն դեպքում, նպատակ ունեմ տնտեսական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հիմքով և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով հասնել փոխընկալման և գործակցության ավելի բարձր մակարդակի։ Կարևորը վճռականությունն է, որ ես ունեմ։

Հավելեմ, որ Ուկրաինայի հարավում՝ Օդեսայում, գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը ևս վերջերս է ստանձնել իր պաշտոնը, և միասին մենք կաշխատենք հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

 

 

 

 

ՀեղինակՀռիփսիմե Հովհաննիսյան

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign