Փաշինյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին
SOCIETYՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, Հայաստանում միջուկային անվտանգության կարգավորող մարմնի զարգացմանը, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:



