Ինչու Լյուդմիլա Սարգսյանը չի համաձայնվել մասնակցել ռեալիթի շոուին
INTERVIEW
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ժամանակ առ ժամանակ դիտում է «Այո և ոչ» ռեալիթի շոուն: Past.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե ինչպես են քարոզարշավ ծավալում «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները ու ինչ տեսակետներ են հայտնում:
«Դժբախտաբար մինչև հիմա «ոչ»-ի կողմնակիցները, կարծես թե, չեն կարողանում շատ ավելի լավ հիմնավորել առաջարկվող Սահմանադրությունը: Նրանց կողմից հիմնականում հղում է արվում անցյալին, որը նույնպես ճիշտ է: Պիտի ընդունենք, որ Սահմանադրությունը չէ, որ խոչընդոտ է մեր երկրի զարգացմանը: Բնականաբար «ոչ» քարոզողները հղում են անում բոլոր կեղծված ընտրությունների կամ նախագահական կառավարման համակարգի լիարժեքությանը, փորձում են համոզել, որ մեր երկրում ստեղծված իրավիճակի պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է: Նրանց խոսքով՝ իշխանությունը բռնազավթած մարդկանց կողմից Սահմանադրություն փոխելու իրավունք չպետք է ունենալ»,-մեկնաբանեց պատգամավորը:
Լյուդմիլա Սարգսյանն անկեղծացավ, որ ինքն ամենաառաջիններից է, ում առաջարկել են մասնակցել այդ շոուին:
«Չհամաձայնեցի, քանի որ ասել եմ, որ քանզի ՀԱԿ խմբակցությունը հիմնականում «ոչ»-ի կողմնակիցն է, ես կոռեկտ չեմ համարում ներկայանալ շուուին որպես ՀԱԿ խմբակցության անդամ և քարոզել «այո»: Բացի այդ, ես Սահմանադրությանը «այո» ասելով՝ ընդամենը «այո» եմ ասում հույսին: Ես վստահ չեմ, որ նոր Սահմանադրությունը լիարժեք կօգտագործվի և գործող Սահմանադրության նման չի դառնա առոչինչ»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, թե լիահույս է, որ նոր Սահմանադրությունը ավելի քիչ հնարավորություն կտա քաղաքական վերնախավին վերարտադրության, քան այն ինչ որ կա:
Լիլիթ Լալայան




















































