Մասնագիտության հանդեպ վերաբերմունքից է կախված ոլորտի զարգացումը
SOCIETYԱռաջին անգամը չէ, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտում է, որ մարդու առողջության պահպանումը կախված է նաև կենդանիների առողջության պահպանումից: Ուստի անասնաբուժության ոլորտի զարգացումը շատ կարևոր է Հայաստանում առողջ և անվտանգ սննդամթերք ունենալու համար:
Այսօր, այս թեմայով նա դասախոսություն է կարդացել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների համար, ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, ինչպես նաև դրանց կարևորությունը առկա խնդիրների կարգավորման և անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բարելավելու համար:
Խոսելով սննդի շղթայի բոլոր օղակներում անհրաժեշտ վերահսկողության մասին նա ընդգծեց, որ դրանում առյուծի բաժինն, այնուամենայնիվ, անասնաբուժությանն է ընկնում:
«Անասնաբուժությունը սկսվում է կենդանիների խնամքից, հիվանդությունների դեպքում, անհրաժեշտ ճիշտ բուժումից: Կենդանիների առողջության պահպանում նշանակում է մարդու առողջության պահպանում: Եվ սա ցանկացած անասնաբույժ պետք է խորապես գիտակցի և ամեն ինչ անի անհարկի հետևանքներից խուսափելու համար»,- ասաց Տեսչական մարմնի ղեկավարը:
Նա նաև հորդորեց ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել միջազգային փորձը և փորձել տեղայնացնել այն՝ հնարավորինս նպաստելով ոլորտի առաջընթացին:
Ուսանողների հարցերին ի պատասխան Գ. Ավետիսյանը վստահեցրեց, որ սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմինն իր գործառույթների շրջանակում պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն:
«Սովորել պետք է նվիրումով, ընտրած մասնագիտության նկատմամբ մեծագույն հարգանքով, հասկանալով, որ դուք եք այս մասնագիտության ապագան և նաև ձեզանից է կախված անասնաբուժության նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում»,- ասաց նա:



