Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Հանկարծ Սասունը գոռաց` հրամանատար, սրանք ինձ «դավադիտ» արին, մտնում եմ, փրթեմ…»

SOCIETY

«Հայ զինվորը» հատվածներ է հրապարակել քառօրյա պատերազմում քաջի մահով ընկած հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հարսնացուի՝ Գոհար Զարգարյանի օրագրից

Հուլիսի 12

Ես ու Մարգարիտը գնացել էինք «Հաղթանակ» զբոսայգի: Երկար չմնացինք, որովհետև Սոֆին հետներս չէր, Մարգարիտն էլ անընդհատ ասում էր` աղջիկս տանը մենակ է, տեսնես՝ մի բան կերա՞վ: Արդեն ուզում էինք տուն գալ, մեկ էլ երկու տղա մոտեցան Մարգարիտին, թե` մեզ նկարի:

Նրանց հեռախոսն էլ փչացած էր, ինչ էր` չնկարեց: Մարգարիտն էլ ստիպված իր հեռախոսով նկարեց էդ երկուսին: Թե ասա՝ ի՞նչ գործ ունես: Մեկ էլ դրանցից մեկը եկավ կանգնեց կողքս, թե` մեզ էլ նկարի: Էս Մարգարիտն էլ հեռախոսը պահել է, որ նկարի: Չի ասում՝ էդ անծանոթ տղայի հետ ինձ նկարում է, որ ի՞նչ:

Ես փախա մի կողմ: Հետո եկանք տուն: Հիմա Մարգարիտն ու էդ տղաներից մեկը, էն, որ ուզում էր ինձ հետ նկարվել, ֆեյսբուքով գրում են իրար: Նկար են փոխանցում: Անունը Սասուն է: Զինվորական է, հետախույզ-գնդացրորդ: Մարգարիտին էր ասել:

Հուլիսի 16

Սասունը ինձ ամեն օր ֆեյսբուքով նամակներ է ուղարկում: Մեկ պատասխանում եմ, մեկ` չէ: Էն օրն էլ քաղաքավարությունից դրդված` որ մի բան հարցրած լինեմ, ասեցի` գործիդ մասին պատմի: Ասեց` ինչ կուզես՝ հարցրու, մենակ գործիս մասին մի՛ հարցրու: Պահ, շատ պետքս է, իրեն շատ երևակայեց: Հետախույզ-գնդացրորդ: Որ մտքիս դնեմ, ինտերնետը կբացեմ, կիմանամ, թե էդ ինչ է:

Սասունը էսօր էլ լիքը դաշտային ծաղիկներ է հավաքել ու փունջը առաջ պարզած նկարվել է, ասում է` քեզ համար եմ հավաքել: Մարգարիտն էլ վրաս խոսում է, ասում է` հո քեզ չի՞ ուտելու, պատասխանի էլի նամակներին: Մարգարիտի հետ լավ մտերմացել են:

Օգոստոսի 10

Էս Սասունը չափը լրիվ անցավ: Մի երկու անգամ նամակներին պատասխանեցի, առիթավորվեց, սկսեց կոմպլիմենտներ անել: Ասացի` քեզ հավաքի, էնպես չանես՝ սասունցու ծռությունս բռնի: Ասեց` վայ, ես էլ եմ սասունցի: Պարզվեց` երկուսս էլ սասունցի ենք` Թալինից:

Մենք` Վերին Բազմաբերդից, իրենք` Կաքավաձորից: Հարցրի` ո՞ւմ տղան ես, ասեց` վարորդ Ֆահրադի: Այ քեզ բան, հոպար Ֆահրադի տղան է: Հոպար Ֆահրադը փեսայիս` քրոջս ամուսնու ընկերն է: Էնքան է մեր տուն եկել: Ասում եմ` Սասուն, մամադ էլ ինձ է բարեկամ, մենք ազգական ենք: Ասում է` յոթը պորտ հեռու է, ի՞նչ ազգական: Ոնց որ չուզենա, որ ես ու իր մաման բարեկամ լինենք:

Սեպտեմբերի 5

Երեկ Սասունը գրեց, թե` եկել եմ Երևան, արի վաղը հանդիպենք: Դե, հոպար Ֆահրադի տղան է, ի՞նչ կլինի, որ հանդիպեմ: Երեկ քեֆի էի, մազերս սիրուն սարքել էի: Սանրվածքս չի խառնվել, ոնց կար, նույն ձևի մնացել էր: Սիրուն կապույտ շալվար եմ հագել, սպիտակ վերնաշապիկ` վրան երկու հատ մեծ կապույտ ծաղիկ: Աչքերս էի քսում հայելու առաջ, Մարգարիտն ասեց` շատ խնամքով ես պատրաստվում, ոնց որ սիրային ժամադրության գնաս: Էս Մարգարիտը լրիվ գժվել է: Սոֆիի հետ նայում էին իրար, խնդմնդում: Ասում եմ` ինչ սիրային ժամադրություն, հոպար Ֆահրադի տղան է: Ի՞նչ անեմ, երեսիս մուր քսեմ, նոր գնա՞մ:

Սիրահարների այգում ենք ժամադրվել: Մարգարիտը էդ որ իմացավ, ավելի ոգևորվեց: Սիրահարների այգին Սասունենց տանը կպած է, դրա համար էլ էդ այգում ժամադրվեցինք:

…Որ մոտենում էի այգուն, սիրտս սկսեց արագ-արագ խփել: Սասունը ջինսից շալվար էր հագել, կապույտ մայկա: Ասեց՝ արի նստենք էս նստարանին, սա իրարից խռոված սիրահարներին հաշտեցնելու նստարանն է: Ուզում էի ասել` մենք ի՞նչ կապ ունենք, բայց չասեցի:

Սասունը էս անգամ ինձ ավելի բարձրահասակ թվաց, թիկնեղ: Աչքերի մեջ էնքան պարզություն ու ազնվություն կար: Սիրուն տղա է: Մեկ էլ ինձնից անկախ հարցրի` ընկերուհի ունե՞ս: Հարցրի ու փոշմանեցի: Չունեմ` ասեց: Որ դրությունը փրկեմ, ասեցի` ես քեզ համար ընկերուհի կճարեմ: Բան չպատասխանեց: Բայց ոնց որ տրամադրությունն ընկավ:

Սեպտեմբերի 6

Սասունը գրեց` ավտո եմ առել: Շնորհավոր, ասեցի: Մի քիչ խոսեցինք: Հետո, երբ արդեն հրաժեշտ էինք տալիս իրար, ասեց` գոնե ձևի համար հարցնեիր՝ ի՞նչ ավտո է, ի՞նչ գույնի է: Ոնց որ նեղացավ:

Սեպտեմբերի 8

Երկու օր է՝ Սասունը չի գրել: Պահ, շատ պետքս է, թող չգրի, Մարգարիտն ասում է` ում էլ ասեն` քեզ համար աղջիկ եմ ճարելու, չի գրի: Պիտի չասեի էդ խոսքը: Դրան էլ գումարվեց ավտոյի պատմությունը: Ես ամաչեցի` հարցնեմ՝ ի՞նչ ավտո է:

Ամոթ չի՞, որ առաջինը ես գրեմ: Բա որ էլ չգրի՞: Ի՞նչ գրեմ: Գրեմ` բարև, Սասուն: Բա որ չպատասխանի՞: Թե ինչի՞ մեքենայի մասին բան չհարցրի:

Սեպտեմբերի 21

Բոլորս միասին հրապարակ գնացինք: Ես, Սոֆին, Սասունը, Խորենը, քույրերս` Մարգարիտը, Մերին …Մերին մի գլուխ հարցեր էր տալիս: Չէ, ասում եմ, չէ, պարզապես ընկերներ ենք, չենք հանդիպում: Էլի չի հանգստանում, ոնց որ քննիչ լինի: Խաչաձև, շփոթեցնող հարցեր է տալիս:

Էս Սասունն էլ գրկել է 12 տարեկան Սոֆիին, նստեցրել ուսին, որ համերգը լավ տեսնի: Սասունցի Դավիթը լինի ոնց որ. Էդքան ուժե՞ղ… Զրույցի ժամանակ էլ իմացա, որ Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտն է ավարտել:

Ամեն ինչ շատ լավ էր, մեկ էլ, որտեղից որտեղ, Սիփանը բուսնեց կողքներս: Մոտեցավ ինձ, սկսեց հետս խոսել: Հիմա համ Սիփանի հետ եմ խոսում, համ էլ ականջի պոչով Մարգարիտի ու Սասունի զրույցն եմ լսում: Մարգարիտը Սասունին ասում է` (Սիփանի մասին է ասում) Գոհարին սիրում էր, բայց Գոհարը չուզեց: Մեկ էլ Սասունը եկավ, ձեռքը գցեց ուսիս, թե` արի, բան եմ ասում: Շիվարած մնացի: Հիմա հո չեմ հուզվել, սիրտս հո չի խփում: Մեկ էլ ասեց` ես քեզ սիրում եմ, դու իմն ես լինելու: Խոսելու ունակությունը կորցրել էի:

Նոյեմբերի 7

Սասունն ամեն օր գալիս է մեր տուն: Մարգարիտի հետ շատ են մտերմացել: Մարգարիտը Սասունի մասին խոսելիս ասում է` տղաս, իմ տղան: Իսկ Սոֆիի հետ մի այլ կարգի են կապված: Սոֆին հորը չի հիշում, երբեք տղամարդու հովանավորություն, տղամարդու պաշտպանություն չի տեսել: Հիմա Սասունը Սոֆիի համար և՛ հայր է, և՛ եղբայր: Ամբողջ օրը իրար հետ են: Սասունը Սոֆիի դասերն է սովորեցնում, զրուցում է հետը, խորհուրդներ է տալիս: Էնքան բարի, լուսավոր տղա է:

Նոյեմբերի 10

Հետախույզի օրվա կապակցությամբ Սասունը մեզ հրավիրել էր իր զորամաս, որ հետախույզների ցուցադրական ելույթը նայենք: Ես հիվանդ էի, չէի ուզում գնալ, բայց տեսա, որ Սասունը շատ է ոգևորված, շատ է ուզում, որ գնանք, համաձայնեցի:

Առաջին անգամ Սասունին տեսա զինվորական համազգեստով: Հո սիրուն չէր: Շատ էր սազում համազգեստը: Հենց մեզ տեսավ, շարքից դուրս եկավ, վազելով եկավ մեզ մոտ: Ուզում էր ձեռքս բռնել, չթողեցի. բոլորը մեզ էին նայում: Սասունը էնքան ուրախ էր, փայլում էր…Միջոցառումից հետո բոլորս միասին տուն եկանք: Հիմա Սոֆին ասում է՝ ես էլ եմ հետախույզ դառնալու: Սասունը համոզում է` Սոֆի ջան, աղջկա տեղ չի: Սոֆին Սասունի հագից հանել տվեց զինվորական համազգեստը, ինքը հագավ: Սասունի պես բարի, փափուկ, խաթրաշահ մարդ չեմ տեսել:

Նոյեմբերի 21

Առաջին անգամ Սասունենց տուն գնացի: Վայ, էդ ինչ լավ մարդիկ են Սասունի ծնողները: Ինձ էնքան ջերմ ընդունեցին: Սասունի մայրը ինձ նման կապույտ աչքերով, սիրուն կին էր, էնքան ժպիտով, քաղցրախոս: Սասունի քրոջ փոքրիկ աղջիկն էլ ինձնից չէր պոկվում: Բոլորը ինձ հարսիկ էին ասում: Շատ սիրեցի բոլորին, բախտավորություն է էդպիսի մարդկանց հետ ապրելը: Սասունի մայրը ինձ սիրուն պայուսակ նվիրեց: Սասունը էնքան ուրախ էր, էնքան երջանիկ:

Դեկտեմբերի 16

Որ Սասունը դիրքերում է լինում, օրերը չեն անցնում: Օրվա մեջ մի հազար անգամ զանգում է, բայց, մեկ է, ժամանակը չի անցնում:

Սասունն ինձ համար կամուֆլյաժ-վարդ էր պատրաստել: Հետո լուսանկարել էր, ուղարկել ինձ: Զինվորական վարդ: Ոչ մեկին չեմ տեսել, որ Սասունի պես սիրի իր աշխատանքը: …Ե՞րբ է իջնելու դիրքերից: Ասաց` Նոր տարուն հետդ կլինեմ: Խոստացավ: Ժամերն եմ հաշվում, թե երբ է գալու: Մի բանով պիտի զբաղվեմ, որ օրերն անցնեն: Մեր զրույցներն եմ հիշում: Ասում էր՝ ես չեմ ուզում, որ որևէ մեկը ինձ օգնի: Ուզում եմ ամեն ինչ իմ ուժերով անել: Ես մեծ երազանքներ ունեմ, շատ բանի եմ ուզում հասնել, բայց՝ ազնվաբար ու սեփական ուժերով:

Հունվարի 7

Նոր տարվա գիշերը բոլորն ուրախ էին, բացի ինձնից. Սասունը չեկավ: Բայց խոստացավ, որ ծնունդիս օրը` ամսի 6-ին կհանդիպենք: Վայրկյան առ վայրկյան սպասում էի, մեկ էլ զանգեց, թե` բուք է, ճանապարհները փակ են, չեմ գալու: Ինքս ինձ սիրտ եմ տալիս, ինքս ինձ հետ խոսում եմ: Ասում եմ` էդ որ հպարտանում ես Սասունի մասնագիտությամբ, համարձակությամբ, դուխով, պիտի դժվարություններին էլ դիմանաս:

Մեկ է՝ սիրտս չի բացվում: Ուղիղ ժամը 12-ին զանգեց ու ասեց` լսի: Մեկ էլ՝ մի գմփգմփոց, ճայթյուն: Ծնունդդ շնորհավոր, էս հրավառությունը քեզ համար է՝ ասեց: Քիչ-քիչ տրամադրությունս բարձրացավ: Պառկել ու մտածում եմ` հիմա Սասունը զենքը ձեռքին կանգնած է սահմանին, ձյուների մեջ: Մի տեսակ հեքիաթի է նման, գեղեցիկ հեքիաթի…

Մարտի 9

Մարտի 8-ին Սասունը մեծ, կարմիր կակաչներ էր բերել ինձ համար: Միասին գնացինք իրենց տուն: Ես տորթ էի թխել, սկեսուր մայրիկի, բոլորի համար նվերներ էի պատրաստել: Ինձ էնքան լավ եմ զգում Սասունենց տանը: Էնքան լավ ընտանիք ենք բոլորս միասին: Պապան, մաման, Սասունը, ես, Սասունի քույրը, քրոջ ամուսինը, նրանց բալիկը: Էնքան սեր կա այս ընտանիքում, ջերմություն, իսկ Սասունն էլ իրենց տան արևն է` միշտ պայծառ, ուրախ, հումորով, լավատես…

Ապրիլի 1

Սասունը վերջապես իջավ դիրքերից: Զանգեցի, ասեցի՝ ուզում եմ թատրոն գնալ, ասեց` մի՛ գնա: Լավ` ասեցի, բայց շարունակեցի մազերս ֆենել: Ես, հո, լավ գիտեի, որ մի քիչ հետո զանգելու է, որ ասի` գնա: 10 րոպե չէր անցել, զանգեց, թե` լավ, եթե շատ ես ուզում, գնա, բայց թատրոնից հետո կգաս մեր տուն, ես մինչև էդ տուն հասած կլինեմ:

Սասունը էնքան սիրուն էր էսօր: Մի արտակարգ սիրուն էր: Սպիտակ մայկա էր հագել, ու ոնց էր սազում իրեն էդ մայկան: Ասի` ինչ սիրուն ես Սասուն: Կյանքում նման բան չէի ասել: Կարմրեց: Սասունի մաման էլ անընդհատ կրկնում էր` տունս լցվեց, տղաս մտավ տուն, տունս լցվեց: Հետո մայր ու տղա ինչ-որ բան էին քչփչում` մատանի բառը հասավ ականջիս: Ոնց որ ուզում են ինձ անակնկալ անել:

Հետո ես ու Սասունը եկանք մեր տուն: Արդեն շատ ուշ էր: Մի քիչ էլ դարպասի մոտ խոսեցինք: Վերջում հանկարծ ասեց՝ որ ուշանամ, մատանին կվերցնես: Ասեց ու գնաց: Ինչի՞ց պիտի ուշանա, ինչո՞ւ պիտի ուշանա: Հանելուկներով է խոսում: Վաղը կհանդիպենք: Երբ մեքենան շարժվեց, պատուհանը բացեց, ինչ-որ բան ասեց: Չլսեցի: Վաղը կհարցնեմ, թե ինչ ասեց: Գնամ քնեմ, որ վաղը թարմ տեսք ունենամ:

Ապրիլի 2

Գիշերը Սասունը զանգեց, թե՝ կռիվ է սկսվել: Գնում եմ դիրքեր: Ամեն ինչ լավ կլինի: Մատանին պատրաստ է: Հետ գամ, կնշանվենք: Լեզուս պապանձվեց: Ո՞նց թե պատերազմ է: Ամբողջ գիշեր լաց եղա: Սասունը ժամը մեկ զանգում էր, մի քանի բառ խոսում էր, անջատում: Ասում էր՝ լաց չլինես: Մինչև առավոտվա 7-ը անընդհատ զանգում էր: Ժամը 7-ին ասեց` արդեն պիտի հեռախոսն անջատեմ, հենց կարողանամ, կզանգեմ: Ամեն ինչ լավ կլինի, սիրում եմ քեզ: Ինն անց կեսին Սասունից հաղորդագրություն ստացա. «Դուխով, գլուխդ երբեք չկախես: Սիրում եմ քեզ, դու գանձ ես»: Հետ զանգեցի, հեռախոսն արդեն անջատված էր:

Մարգարիտն էլ վառարանը մաքրելիս ընկել է, գլուխը ճղել: Գլխին յոթ հատ կար են դրել: Ոտքի վրա կանգնած չեմ կարողանում մնալ, թվում է, ուր որ է, կուշաթափվեմ:

Անընդհատ հեռախոսս զնգում է: Հարսս չի թողնում պատասխանեմ զանգերին, ասում է` ընկերուհիներդ են, գիտեն, որ Սասունը զինվորական է, պատերազմի մասին են հարցնում, զանգերին մի՛ պատասխանի: …Ու ինչ-որ բան են քչփչում:

Ժամանակը կանգնել է: Զանգի՛, Սասո՛ւն, զանգի՛:

Հարսս ասում է` կարող է՝ Սասունը վիրավորված լինի: Տեր Աստված, ումի՞ց մի լուր իմանամ: Մի քիչ հետո Սասունենց տուն ենք գնալու: Մերոնք հաստատ մի բան գիտեն, ինձ չեն ասում: Ամբողջ մարմնով ցնցվում եմ… Սասուն ջան, շատ եմ խնդրում, զանգի, զանգի, զանգի, զանգի…

♦♦♦

Օրագիրն այստեղ ընդհատվում է: Մնացածը նման է առասպելի…

Հանկարծ Սասունը գոռաց` հրամանատար, սրանք ինձ «դավադիտ» արին, մտնում եմ, փրթեմ: Ասաց ու կանգնեց հասակով մեկ, սկսեց կրակել` գնդացրային մահ թափելով թշնամու վրա: Թշնամիները հնձած խոտի պես թափվում էին: Սասունը շարունակում էր կրակել: Մինչև… ընկավ: Գնդակը որովայնին էր դիպել: Փորձում էր ոտքի կանգնել, բայց չէր կարողանում: Չեմ վիրավորվել` ասում էր, թեթև բան է, զենքս տվեք: Հետո գումարտակի հրամանատարը Սասունին դրեց իր կրծքին ու մեջքի վրա սողալով հանեց մարտադաշտից:

…Երբ տղաներն իմացան, որ Սասունն էլ չկա, անհավանական բան կատարվեց:

♦♦♦

…Ադրբեջանցիները միստիկ պատմություններ կհորինեն, մեղքը կբարդեն գերբնական ուժերի վրա, կասեն` հայերը սարսափելի անհայտ զենք օգտագործեցին: Որովհետև չեն հասկանա, թե այդ ինչպես իրենց ահռելի ոհմակի դեմ ելած 4 հայ զինվորականները ոչնչացրին հատուկ պատրաստություն անցած ադրբեջանական բանակի էլիտար ստորաբաժանումը: Չեն հասկանա, որովհետև դա սովորական ճակատամարտ չէր, ու ռազմական գիտելիքները անզոր են բացատրելու կատարվածը: Րոպեներ առաջ քաջի մահով ընկած զինակցի անկատար երազն էր նրանց առաջնորդում, զոհված ընկերոջ անբառ հրամանը՝ մահվան սարսափից հզոր ու ապրելու բաղձանքից թանկ:

Հետո… Թմբից մինչև ադրբեջանական դիրքերը` թշնամու նահանջի ամբողջ ճանապարհը, ծածկված էր մեր հողը մտած հակառակորդի անկենդան մարմիններով` իրենց հրամանատարի գլխավորությամբ:

Դիրքն ազատագրված է:

♦♦♦

18-20 տարեկան զինվորները Սասուն Մկրտչյանի զոհվելու վայրում իրենց իսկ ձեռքով հավաքած քարերով խաչ պատրաստեցին:

Մեր հողի վրա մի նոր խաչքար ավելացավ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California