Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում
POLITICSՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարգելու Փարիզում իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը և գրառում կատարելու սգո մատյանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ` դատապարտելով Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան:



