Ալեն Սիմոնյանը կապ չունի մաքրությամբ զբաղվող կազմակերպության հետ
SOCIETYԵրեկ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր ԱԺ հավաքարարների դժգոհություններին՝ մասնավորաբար հրապարակելով մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունը՝ կապված նրանց հետ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բանակցությունների պատճառների հետ: Սիմոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հերքել է տեղեկատվությունը՝ մասնավորաբար նշելով. «Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ո՛չ տիրոջը, ո՛չ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են, և ես փորձել եմ նրանց օգնել»: Ցավում ենք, եթե լրագրողի՝ տեղեկատվության ամբողջական ճշգրտման ճանապարհին թերացման պատճառով թյուրիմացություն է տեղի ունեցել. հաստատապես Ալեն Սիմոնյանին վիրավորելու կամ անվանարկելու ցանկություն, առավել ևս՝ դիտավորություն չի եղել: Մեր լրագրողը երեկ զրուցել է թե՛ հավաքարարներից մի քանիսի, թե՛ ԱԺ աշխատակազմի այլ աշխատակիցների հետ: Իրականում պարզվել է, որ իսկապես հավաքարարները դիմել են ԱԺ փոխնախագահին, որպեսզի օգնի լուծել իրենց խնդիրը, վերջինս էլ բողոքի ակցիայի «կիզակետում» է հայտվել, Սիմոնյանին լավ ճանաչողներից մեկի խոսքերով ասած, «իր սրտացավության» արդյունքում:



