Յուլյա Նաչալովայի բժիշկը հայտնել է, որ երգչուհին մահացել է «դժբախտ պատահականության հետևանքով»
SOCIETYՌուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի բժիշկը՝ Վասիլի Շուրովը, հայտարարել է, որ աստղի մահը «ճակատագրական պատահականություն» էր, որն անսպասելի էր բոլորի համար:
Ինչպես գրում է kp.ru-ն, հարցազրույցի ընթացքում բժիշկը մանրամասնել է, որ դժբախտ պատահարի պատճառը եղել է երգչուհու ոտքի վերքը:
«Ոտքը հարելու հետևանքով վարակ էր ներթափանցել, ինչից էլ գանգրենա էր զարգացել: Մինչև վերջին պահը մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի: Ոչինչ դրա մասին չէր գուժում»,-ասել է բժիշկը:
Նա հավելել է, որ սկզբում իրենք թերագնահատել են վիճակի ծանրությունը, սակայն բորբոքում է սկսվել, որն էլ հանգեցրել է արյան վարակման:
Բժշկի խոսքով՝ կես տարի առաջ երգչուհին դիմել էր իրեն հոդատապը բուժելու համար: Շուրովի պնդմամբ՝ Նաչալովան չուներ ո՛չ ալկոհոլային, ո՛չ թմրանյութային կախվածություն, ո՛չ էլ շաքարային դիաբետ: Նա ընդգծել է, որ Նաչալովայի ենթաստամոքսային գեղձը հրաշալի վիճակում էր, ինչպես նաև հերքել է լրատվամիջոցների ենթադրություններն առ այն, թե երգչուհու մահվան պատճառ կարող էր լինել չափից ավելի նիհարելը:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է մարտի 16-ին՝ մոսկովյան կլինիկաներից մեկում: Նրան հոսպիտալացրել էին շաբաթվա սկզբին՝ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման ֆոնին: Երգչուհին գտնվում էր արհեստական կոմայի վիճակում և միացված էր թոքերի օդափոխման համակարգին:



