«Ազատամարտիների դաշինք»-ը հայտարարում է Սամվել Բաբայանի թեկնածությունը պաշտպանելու մասին
SOCIETY«Ազատամարտիների դաշինքը» Արցախի նախագահական ընտրություններում կպաշտպանի ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թեկնածությունը։ Այս մասին դաշինքը հայտարարություն է տարածել։
««Ազատամարտիների դաշինք»-ի վարչությունը իր հերթական նիստում մի շարք այլ հարցերի հետ միաժամանակ քննարկեց նաեւ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կողմից իր թեկնածությունը 2020թ․ կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությանը առաջադրելու եւ դրա հետ կապված Արցախի գործող իշխանությունների արձագանքների հարցը։
Համոզված լինելով, որ մեր ունեցած լրջագույն ներդրումը Արցախի ազատագրման եւ նրա անվտանգության ապահովման գործում մեզ իրավունք է տալիս արտահայտելու մեր կարծիքն ու դիրքորոշումը Արցախում տեղի ունեցող գործընթացների եւ նրա ապագայի վերաբերյալ հայտարարում ենք՝ ծանոթ լինելով Սամվել Բաբայանի մտահոգություններին եւ մոտեցումներին, ինչպես նաեւ Արցախի անվտանգությանն սպառնացող այսօրվա մարտահրավերների լուծման՝ նրա առաջարկած մարտավարությանը, օրինական բոլոր հնարավոր միջոցներով սատարելու ենք Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ նախագահի գալիք ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելուն խանգարող բոլոր խոչընդոտների հաղթահարման գործում»,–ասված է հայտարարության մեջ։



