Ինչպե՞ս է Չինական մեծ պարիսպը երևում Լուսնից
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԿարծիք կա, որ...
Մարդու կողմից ստեղծված ձեռակերտ կառույցներից Չինական մեծ պարիսպը երևում է Լուսնից:
Իրականում այդպես չէ:
Լուսնից երկրագնդի վրա մարդու կողմից ստեղծած ոչ մի կառույց չի կարող երևալ: Հարցն այն է, որ մարդիկ շփոթում են տիեզերքից և Լուսնից երևացողը: Լուսինը հեռու է Երկրից 400 հազար կիլոմետր: Չինական մեծ պարիսպը, չնայած շատ երկար է, բայց ունի ամենաշատը 9 մետր լայնություն: Եթե հարցին մոտենանք գիտականորեն և հաշվի առնենք մարդու աչքի հնարավորությունները, պարզվում է, որ Լուսնից Չինական պարսպի երևալու համար այդ լայնությունը պետք է լինի ամենաքիչը 110 կիլոմետր: Հավանականությունը, որ Լուսնից կարելի է տեսնել Չինական մեծ պարիսպը, հավասարազոր է նրան, որ երեք կիլոմետր հեռավորությունից անզեն աչքով մարդը տեսնի մազը: Լուսնից անգամ երկրի մայրցամաքներն են դժվարությամբ նշմարվում: Իսկ բուն տիեզերքը շատ մոտ է, այն սկսվում է երկրագնդից 100 կիլոմետր հեռավորությունից: Այդ ուղեծրով էլ հենց շարժվում են երկրագնդի արհեստական արբանյակները: Այստեղից ոչ միայն Չինական մեծ պարիսպն է երևում, այլ նաև գնացքի գծերը, մայրուղիները, մշակված դաշտերը, գետերը, քաղաքները, նավերը և այլն: Բավական է միայն հեռանալ Երկրի ուղեծրից և արդեն համարյա ոչինչ չի երևում: Ինչպես հաղորդում են ՆԱՍԱ-ի մասնագետները, անգամ հարերկրային ուղեծրից միայն լավ եղանակային պայմաններում է երևում Չինական մեծ պարիսպը: Այն էլ՝ նայողը պետք է ունենա սուր տեսողություն: Օրինակ, տիեզերագնաց Վիլիամ Պոուգը Skylab ուղեծրային կայանից փորձել է դիտարկել, և նրան թվացել է, որ տեսնում է Չինական մեծ պարիսպը, բայց հետագայում պարզվել է, որ շփոթել է խոշոր գետային ջրանցքը դրա հետ: Իսկ տիեզերք թռած առաջին չինացի Յանա Լիվեյան չի կարողացել տեսնել Չինական մեծ պարիսպը, չնայած շատ էր փորձում դա անել: Հարցն այն է, որ պարիսպը և նրա շրջապատի տարածությունը համարյա նույն գույնի են: Ավելի հեշտ է անգամ Քեոփսի բուրգը տեսնել, քան պարիսպը:
Մոլորությունը, որ Չինական մեծ պարիսպը երևում է Լուսնից, հին պատմություն ունի: Առաջին անգամ այդ մասին, չգիտես ինչու, գրել է հնաոճ իրերի վաճառական անգլիացի Վիլիամ Ստակլին 1754 թվականին: 1895 թվականին նրա ասածը իր հոդվածում հաստատել է լրագրող Հենրի Նորմանը: Ավելի ուշ այս մոլորությունը տարածվել է գրական ստեղծագործություններում և թերթերում այն աստիճան, որ Չինական մեծ պարսպի երևալը Լուսնից արդեն այն ժամանակ համարվում էր անժխտել ի փաստ: Այս ամենը վերաբերում է, իհարկե,անզեն աչքով դիտելուն: Նայելով Լուսնին՝ հեշտությամբ կարելի է գլխի ընկնել, որ Լուսնից նայելու դեպքում մենք կարող ենք Երկրի վրա տեսնել այն, ինչ մեզ համար երևում է Լուսնի վրա: Պարզ է, որ աստղադիտակներով նայելու դեպքում ավելի շատ բան կերևա: Ի դեպ, գոյություն ունի նախագիծ Լուսնի վրա աստղադիտարան կառուցելու համար: Իհարկե, դա չի կառուցվելու երկրագունդը դիտելու համար և ունի այլ նշանակություն (տիեզերքը դիտելու համար է):
Ընդհանրապես, ինձ թվում է, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Օրինակ, ինչ գործ ունի հնաոճ իրերի վաճառականը, որ հայտարարում է, թե Չինական մեծ պարիսպը երևում է Լուսնից, և ինչ գործ ունի լրագրողը, որը հաստատում է դա: Արդյունքում բոլորը մոլորության մեջ են:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































