Ավազակային հարձակում Շիրակի մարզում. կասկածյալը դանակի սպառնալիքով փորձել է թալանել ոսկյա ու արծաթյա զարդերի խանութը
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի ոստիկանները քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին:
Բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով զինված կասկածյալը չի կարողացել ճողոպրել ոստիկաններից:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել: Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախչել ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից»:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է:
Կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ է:





