Չեմ կարծում, որ Սյունիքում վախի մթնոլորտ է, շատ նորմալ մթնոլորտ է. Հունան Պողոսյան
POLITICS
Անկախ նրանից, թե ով է իշխանության, յուրաքանչյուր գերատեսչությունում՝ նույնիսկ ամենաապաշնորհ ղեկավարության պարագայում նորմալ մարդիկ են եղել, ովքեր նորմալ աշխատել են: Նախկինում էլ եղել է նորմալ անձնակազմ, որը կատարել է իր պարտականությունները: Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Հարցին, թե արդյոք ինքն իրեն հեղափոխական համարում է, քանի որ նոր Հայաստանում էլ պաշտոն ունի, նա պատասխանեց. «Ես ինչ եղել եմ, այնպես էլ կամ, իմ համեստ հնարավորությունների սահմանում ծառայել և ծառայում եմ ժողովրդին, նույնը՝ այսօր, մի քիչ այլ ոլորտում»:
Նա նշեց, որ մարզում խնդիրները շատ են: Հարցին, թե հիմա ինչ մթնոլորտ է Սյունիքի մարզում, կա՞ վախի մթնոլորտը, որի մասին նախկինում խոսվում էր, մարզպետն ասաց. «Չեմ կարծում, որ վախի մթնոլորտ է, շատ նորմալ մթնոլորտ է, շատ նորմալ ու լավ ժողովուրդ են, սիրում ու հարգում եմ նրանց, կարծում եմ, որ այդ ամենը փոխադարձ է»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ինքը զբաղեցնելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, նա շեշտեց. «Ես կանխատեսումներով չեմ զբաղվում, ես զբաղեցնում են Սյունիքի մարզպետի պաշտոնը»:



