Նորակերտում ավերիչ ուժգնության քամին լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին
SOCIETYԳեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում նոյեմբերի 14-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում ավերիչ քամին նյութական մեծ վնասներ է պատճառել տասնյակ տնտեսությունների եւ դպրոցի շենքին: Ինչպես տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, քամին ամբողջությամբ պոկել եւ տարել է 4 առանձնատա ն տանիք, մասամբ վնասել մի քանի տասնյակ տնտեսությունների առանձնատների կամ շինությունների տանիքներ: Մոտ 150 քառակուսի մետր մակերեսով քամուց վնասվել է դպրոցի տանիքը, 100 քառակուսի մետր մակերեսով փշրվել են պատուհանների ապակիները: Գերեզմանոցում ուժեղ քամուց տեղահան եղել ու շուռ են եկել 10 շիրմաքար, որից երկուսը` բազալտ, ութը` լալվար տեսակի քարեր:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը տեղում ուսումնասիրում է վնասները: «Այս պահին Նորակերտում աշխատում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Աղետի պատճառած վնասների չափերը ճշտվում են: Դպրոցում դասերն այսօր դադարեցվել են աղետի հետեւանքով: Ամեն դեպքում, վնասների չափերը մեծ են»,-նշեց Նորակերտի գյուղապետը: Գյուղն ամբողջովին հոսանքազրկված է:



