Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ոչ թե պատահականության ծնունդ ենք, այլ ստեղծագործության

SOCIETY

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հրապարակել է իր դասախոսություններից մեկը, որը հատկապես այս օրերին բավական արդիական է: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը, Եկեղեցու հանդեպ պարբերաբար իրականացվող հարձակումների փաստը, արժեհամակարգերի խաթարման վտանգը, հոդվածը տպագրում ենք ամբողջությամբ:

Մարդկային կյանքի զարգացումն իր սկզբնավորումից ի վեր՝ իր նշանակալի պատմական շրջաններով և մեծագույն իրադարձություններով, ընդհանուր առմամբ կարող ենք հաստատել, որ անառարկելիորեն պայմանավորված է երեք հիմնական բաղադրիչներով՝ կրոնական, քաղաքական, տնտեսական: Հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու ստեղծագործության հետ գրեթե մեկտեղ, տեսնում ենք կրոնական ատաղձով տնտեսական կամ քաղաքական շահերի հակամարտությունն ու բախումը, ինչպես, օրինակ, Կայենի և Աբելի հակամարտությունը, երբ կրոնական երանգով՝ Աստծուն հաճելի լինելու գաղափարը, արտահայտված էր տնտեսական բնութագրով: Նման հարաբերությունների օրինակ է նաև Շամիրամի և Արա Գեղեցիկի պատմությունը, որը սակայն մեր օրերում չի դիտարկվում գոյաբանական (էկզիստենցիալ) տեսակետից, այլ քննվում է սոսկ առասպելաբանության ժանրի մեջ: Այս պատմությունը լավագույնս արտահայտում է տնտեսական և քաղաքական շահի կամ հաղթանակի ամրագրումը կրոնի միջոցով: Շամիրամի ակտիվ տնտեսական գործունեությունը՝ շինարարություն, այգիներ, դաշտեր, արձանների կառուցում, Հայաստանում ընդունելություն գտավ միայն այն դեպքում, երբ հռչակվեց Արա Գեղեցիկի վերակենդանացման մասին՝ հարակից, Հայաստան ներմուծելով սեփական պաշտամունքային համակարգը:

Անդրադառնալով մեր ժամանակներին՝ կարող ենք նշել, որ այն բնութագրվում է որպես հետխորհրդային շրջան, սակայն համընդհանուր մտածողության և գիտակցության մեջ մարդիկ դեռ շարունակում են մնալ խորհրդային շրջանում: Ավելին, շատերն այն դիտարկեցին որպես մարքսիզմ-ռեալիզմի փլուզում, սակայն այն նոր իրողություն ծնեց, որտեղ մատերիալիզմը բարձրացավ նոր աստիճանի: 

1991թ. «Ծոցի պատերազմը» նոր մարտահրավերներ առաջադրեց մարդկությանը: Հենց այդ ժամանակ վերահիմնադրվեց զենքի հետ միասին աշխարհը արժեքային փոփոխության ենթարկելու գաղափարը: Այն չմնաց սոսկ «զենքի պատերազմ», այլ տարբեր գեղեցիկ գաղափարների ու պաստառների՝ ժողովրդավարության, ազատականության, մարդու իրավունքների անվան ներքո նոր տեսակի և որակի պատերազմների պատճառ հանդիսացավ, որոնք ըստ էության սպասարկում են տնտեսական և նյութական շահերին ու մեծարմանը: Սա ենթագիտակցական հիմքն է այն կապիտալիզմի, որը գալիս է ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու մատերիալիզմը, որի արդյունքում մարդուն այսօր սկսում ենք գնահատել և բնորոշել իր ֆինանսական կամ նյութական կարողություններով: Նոր ժամանակների իդեալները կամ հերոսները դառնում են մեծ կարողություններով մարդիկ: Այս իմաստով մարդը բնորոշվում և գնահատվում է իր ունեցվածքի չափով, ինչ ունենալու կարողությամբ և ոչ թե իր ով լինելու ինքնությամբ՝ փաստորեն այսպիսով ինչ–ը գերադասելով ով–ին: 

Հիմնական իմաստով «բոլոր պատերազմները» մարդկային կյանքի բոլոր սահմաններում՝ կրոն, տնտեսություն, մշակույթ, քաղաքականություն, մեծամասամբ ծառայում են համահարթեցման (գլոբալիզացիայի) գաղափարին, որում նյութը վերջնանպատակ է և ոչ թե միջոց՝ ծառայելու մարդկության երջանկությանը: Այս վերջնանպատակի ձգտումի «հոգեզավակները» և «աշխարհի» գործիքներն են դարձել սպառողականությունը, բազմագույն երանգներով ներկայացող աշխարհիկությունը, մեղքի ժխտողականությունը (externalization), բարոյականության հարաբերականությունը (relativizm) և այլն:

ա) Քաղաքական համահարթեցում. – Վերլուծելով քաղաքական համակարգն իր ամբողջության մեջ՝ նկատելի է, որ կառավարությունները, ժողովրդավարական ինստիտուտները հետզհետե դառնում են ստեղծված պատրանքներ, արհմիությունները դառնում են ներդրումային բանկերի, խոշոր կոռպորացիաների և այլ խոշոր տնտեսական միավորների ստվերներ, որի պատճառով էլ կառավարությունները բարեփոխումների (ռեֆորմների) անվան տակ ստիպված վաճառում են իրենց երկրների բարիքները՝ միևնույն ժամանակ արտաքին պարտքերը հասցնելով հսկայական թվերի: Քաղաքականությունը կամ քաղաքական գործունեությունը ամբողջովին դառնում է իմաստազուրկ, քանի որ այն այլևս ուղղված չէ մարդու համար բարիք ստեղծելուն, որի լույսի ներքո էլ նվազում են մարդկանց հանրային կյանքում դերակատարություն ունենալու ձգտումները, և մարդը իր հանրային կարգավիճակից մղվում է դեպի մեկուսացում, որի համար լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մարդու հանրայնացումը ապահովելու շղարշով, բայց իրականում անկասելի կերպով նպաստում են նրա ինքնամեկուսացմանը:

բ) Տնտեսական համահարթեցում. – Խորհրդային մատերիալիզմի փլուզումը ոչ թե հաղթանակն էր հոգևորի, որի դեմ պայքարում էին Խորհրդային կարգերը՝ այլ հակառակը, այն խորացրեց մատերիալիզմը՝ «հին աստվածները» փոխարինելով «նոր աստվածներով ու կուռքերով»: Համաշխարհային մակարդակով տնտեսական միտքը մարդուն ուղղորդում է սպառողականության բացարձակեցման, որն էլ պատճառն է քաղաքակրթական մինիմալիզմի և համահարթեցման՝ իրական բացարձակ հեղինակությունները փոխարինվում են մարդու կողմից ստեղծվածներով, որի վտանգավոր արտահայտությունն է նոր կրոնի՝ «իրավունքի կրոնի» տենչը՝ ի հակադրություն պարտավորությունների և պատասխանատվության: Հոգևոր կյանքում ևս սպառողական հոգեբանությունը նոր շերտ է ընդգրկում, որտեղ մարդը ձգտում է ստանալ և  ոչ թե տալ: Տնտեսական նման միտքը տարածվում է տարբեր ձևերով, ինչպես լիբերալիզմը և տեխնոլոգիաների զարգացումը, ազատականություն ամեն ինչում առանց սահմանի, որի բուն թիրախը կրոնն է կամ այն կրող հաստատությունը՝ համայնքը: Համայնքային կյանքի գիտակցությունն ու անհրաժեշտությունը փոխարինվում է անհատապաշտության գաղափարով, և որպես հետևանք, մարդու իրական կարիքները և զգացումները, հատկապես մարդը մարդու կարիքն ունենալու բացարձակ գաղափարն աննկատ կերպով տեղատվություն է ապրում և պտտվում է սպառողականության թելադրանքի շուրջ, որում ահռելի դերակատարություն ունի ժամանակակից մամուլի (մեդիա) աշխարհն իր բոլոր դրսևորումներով՝ բացասական և տագնապալի լուրերով մարդուն պահելով կախվածության և տագնապի մեջ՝ նրան զրկելով մտածելու և իրական կարիքները գնահատելու կարողությունից: Իրական արվեստը, մշակույթը, մարդկային բոլոր ազնիվ զգացումները դառնում են ապրանք, գովազդի միջոց՝ վերացնելով այս բոլորի վեհությունն ու խորհրդավորությունը, մարդուն իր բոլոր ապրումներով վերածելով և գրեթե հավասարեցնելով ապրանքի կամ թվանիշի աստիճանի: Սերը և սիրո զգացումը վերածվում է ժամանցային մի երևույթի, որում սիրո սրբությունն ու սրբազնությունը նկատվում է լուսանցքային և անկարևոր: Այս իմաստով մարդկությունը հայտնվել է քաղաքակրթական համահարթեցման ալեբախումների մեջ: Խելահեղ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները թվացյալ կերպով մարդու երջանկությանը ծառայելու պատրանքն են ստեղծում՝ փորձելով հատկապես տնտեսական ու նյութական միջոցներով, ամեն ինչում առանց սահմանի՝ ազատականության իդեալով բավարարել մարդկային կարիքները: Մարդն ըստ էության մեր ժամանակներում դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք: Հատկանշական է նաև, որ այս տրամաբանությամբ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխմանը, մենք կարծես ապրում ենք գլոբալ կազինոյում կամ գլոբալ լունապարկի մեջ՝ հայտնագործության և դրամի, նյութի ու տեխնիկայի հետ միասին: Մինչդեռ այսօր ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության հոսանքին դեմհանդիման գտնվող մարդն ամեն ինչից առավել մարդու և Աստծու կարիքն ունի: Այս տրամաբանությունը, հաստատումը կամ ներքին մարդկային բնական զգացումն ու պահանջը բավարարելու առումով էլ ստեղծված ժամանակակից «աստված» սիրում է մարդուն և բացառիկ ծրագիր ունի նրա համար, բայց այն չի ցանկանում, որպեսզի այդ ծրագիրն իրականացվի տառապանքով, ինքնազոհողությամբ և հոգևոր տևական պայքարով: Այսպիսի ընկալումը խաչելության պատրանքն է առանց գամերի և փշե պսակի, մարդու փրկության ձգտումն  է առանց Աստծու՝ սեփական ջանքերով, իրական և խորքային պաշտամունքը վերածելով ժամանցային միջոցառման: Սա հավատքի նվազեցումն է սոսկ արժեհամակարգային և բարոյական գաղափարախոսական աստիճանի, կենդանի ապրող հավատքը վերափոխելով մշակութային մնացուկի կամ մտահայեցողական խաղերի՝ այսինքն կրոն առանց Աստծու կամ քրիստոնեություն առանց Քրիստոսի, մշակութայնացած քրիստոնեություն առանց Քրիստոսի Անձի:

գ) Կրոնական համահարթեցում. – Ժամանակակից քրիստոնյա Եվրոպան ապրում է, թերևս, բարոյական և հոգևոր ճգնաժամի ամենածանր օրերը, որը մյուս կողմից նաև կարող է մղել հոգևոր արթնության, արմատների և ինքնության փնտրտուքի և վերագտնման: Եվրոպայում հիմնական առումով բախում է տեղի է ունենում անհատական ու համայնքային կյանքի գիտակցության միջև (individuum vs. person)՝ փորձելով ամեն գնով կրոնը՝ համայնքային հաղորդութենական կյանքը դարձնել անկարևոր և անընդունելի՝ կրոնականությանը հակադրելով հոգևորությունը: Կրոնը դառնում է ատելի, քանի որ այն ընկալվում է որպես պատվար լիբերալիզմին և համահարթեցմանը, որոնք ձգտում են «սպանել» Աստծուն, բնաջնջել ընտանիքի գաղափարը, վերացնել ապրող Աստծո իրականությունը, որովհետև կրոնը հարաբերականությանը հակազդում է հեղինակության բացարձակությամբ, ազատականությանը՝ ազատությամբ, իրավունքին՝ պատասխանատվությամբ, մեղքին՝ ապաշխարությամբ, անորոշությանը՝ հույսով, անհատին՝ համայնքով: Ի հեճուկս արևմտյան մտածողության, արևելքը դեռևս ունի այն միջավայրը, ուր մարդը արժեքավոր է իր համայնքային կյանքով: Անհատը նշանակություն ունի այնքանով, որքանով նա անձ է, որքանով նա ապրում է համայնքի մեջ: Այսուհանդերձ, ժամանակակից աշխարհում այս ընկալմանն ի պատասխան ծնվել է ամերիկյան մեսսիայականությունը կամ մեսիանիզմը, որը ոչնչով ավելի լավը չէ քան մահմեդական արմատական ծայրահեղականությունը, (որտեղ տնտեսության կամ ունեցվածքի երաշխավորը Աստված է), որոնք չեն տարբերվում իրենց մոտեցումներով, մեթոդներով, նպատակներով` ստեղծելու «մեղրի և կաթի երկիրը», որը սակայն կառուցված է «ոսկե հորթի» պաշտամունքի՝ փողի վրա, in god we trust հռչակումով, որտեղ փողը կամ տնտեսական գործունեությունը գրեթե նույնականացվում է Աստծո հետ:

Բնականաբար այսպիսի միջավայրի համար հոգևոր կյանքը դարձել է մեծագույն սպառնալիք: Այս իմաստով չեն դադարում տարատեսակ հարձակումները հոգևոր կյանքի և հանրային կյանքում առանցքային դերակատարություն ունեցող համայնքային գիտակցության դրսևորումների վրա ինչպիսին են եկեղեցին և ընտանիքը: Հստակ է որ, Եկեղեցին ապրում է աշխարհի մեջ, աշխարհի հետ և շատ հաճախ էլ գործում է ընդդեմ աշխարհի այդ աշխարհի քավության համար՝ առաջնորդելով նրան ապաշխարության՝ metanoia–ի, այն երջանիկ փոփոխության, որն ազատագրում է մարդուն և վերադարձնում իր բնական և աստվածային նկարագրին: Մեր օրերում մարդու արժեքի պաշտպանության միակ և իրական հակազդեցության օջախը եկեղեցին է՝ իր հաղորդութենական համայնքային շնորհով: Այսօր, սակայն, եկեղեցին կարիքն ունի վերադառնալու իր համայնքային նկարագրին և էությանը՝ ստեղծելու այն միջավայրը, ուր մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը և արդարությունը իրականություն են դառնում, որտեղ ապրում են այն գիտակցությամբ, որ ինչ պատահել է Քրիստոսին, պատահում է նաև մեզ: Արդյունքում աշխարհին կվերադարձվի խաղաղությունը, ներդաշնակությունը, որտեղ չեն հաջողում զենքով ու ռումբերով՝ այլ երկխոսությամբ: 

Այսօրվա բոլոր թիրախները ուղղված են մարդու հոգևոր կյանքին, ինչը ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է եկեղեցու հետ: Հետևաբար, մարդն առավել քան երբևէ անպաշտպան է, և իրական պատերազմը ոչ թե ռազմի դաշտում է, այլ հարձակումը տեղի է ունենում մարդու հոգու և մտքի աշխարհի վրա, ուր հանգրվանում է Ավետարանի գանձը:Այս ամենը մեզ պետք է հուշի և թելադրի, որ եթե ուզում ենք ավելի լավ միջավայր ունենալ, մենք պետք է պատասխանատվությամբ վերաբերվենք մեր իրավունքներին և ինքնության փնտրտուքի մեջ պետք է հիշենք, որ մենք որպես անձինք ոչ թե պատահականության ծնունդ ենք, այլ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ:

 

ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns