«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր մահացած Մհեր Եղիազարյանը 43-օրյա հացադուլից դուրս էր եկել հունվարի 17-ին. ՔԿԾ
SOCIETYNEWS.am-ը գրում է.
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ին եւ դուրս էր եկել հացադուլից հունվարի 17-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Տիգրան Տոնոյանը:
Նա նշեց, որ հացադուլ հայտարարելու դեպքում անմիջապես բժիշկներ են ժամանում եւ հացադուլավորը 24 ժամ գտնվում է բժիշկների հսկողության տակ. «Հացադուլը դադարեցնելուց հետո բավականին երկար ժամանակ անձը շարունակում է գտնվել դինամիկ բժշական հետազոտության տակ»,-ասաց նա:
Հարցին, թե որն է եղել մահվան պատճառը, նա պատասխանեց, որ այս պահին միայն հայտնի է, որ նա հանկարծամահ է եղել, իսկ պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:



