Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները
SOCIETYՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ մարզպետները:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության եւ քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը եւ բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին եւ մարզպետներին:
Անդրադառնալով մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչեւ հունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ վիճակը եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները լիովին կարգավորված լինեն:



