Ինչպե՞ս են սոցցանցերը փչացնում տրամադրությունը
LIFE«Համեմատությունը հաճույքի գողն է»: Այս մինչ օրս արդիական արտահայտության հեղինակը ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտն է, հայտնում է Past.am-ը: Մենք երբեմն մեզ հարց չենք տալիս, թե ինչու ենք մեզ մշտապես համեմատում այլոց հետ:
Մարդկության դիլեման հասկանալու ցանկությամբ դեռ 1950-ականներին զբաղվում էր հոգեբան Լեոն Ֆեստինգերը: Նրան հաջողվեց պարզել, որ համեմատության միջոցով մենք կարող ենք մեզ զգալ հաջողության ամենավերևում կամ հակառակը՝ այնտեղից ցավագին վայրէջք կատարել:
Սոցիալական միջավայրը մշտապես մեզ հիշեցնում է, որ ուշադրություն դարձնենք մեզ շրջապատողների ապրելակերպին: «Ահա թե ինչպես է հարկավոր ապրել, հենց այստեղ է պետք գնալ հանգստանալու ու այսպես է պետք մարզվել»: Սակայն մենք հաճախ մոռանում ենք, որ հարկավոր է լինել այնպիսին, ինչպիսին որ կանք, այլ ոչ թե լինել հասարակության հորինած իդեալը: Չէ՞ որ մենք չենք ուզում լինել «ինչպես բոլորը»:

Համեմատելու ձգտումը սրընթաց աճում է սոցցանցերի զարգացմանը զուգահեռ: Ամեն րոպե Facebook-ը, Тwitter-ը ու Instagram-ը մեզ ստիպում են ինքնաքննադատությամբ զբաղվել: Ինչ-որ մեկն այս պահին հանգստանում է Կանարյան կղզիներում, իսկ մենք նստած ենք գրասենյակում կամ հոգում ենք կենցաղային հոգսերը: Մեզ թվում է, թե ամբողջ աշխարհը զվարճանում է, իսկ մենք մնացել ենք անկյունում: Սոցցանցերը կառուցված են մեր երևակայության խաղի վրա ու դա հիանալի է, սակայն հարցն այն է, թե ինչպես է դա ազդում մեր ներաշխարհի վրա:

Սոցիալական հոգեբանները հետազոտություն էին անցկացրել 300 ամերիկացի ուսանողների շրջանում: 14 օր շարունակ նրանք ներկայացնում էին հաշվետվություններ, որոնցով հնարավոր էր դատել, թե որքան հաճախ էին ժամանակ անցկացնում սոցցանցերում ու թե դեպրեսիայի ինչ ախտանշաններ են ի հայտ եկել նրանց մոտ:

Արդյունքներն այսպիսին էին՝ այն մասնակիցների մոտ, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացրել Facebook-ում, դեպրեսիայի աստիճանն ավելի մեծ է եղել, քանի որ դրանք խորացել են մշտական համեմատության պատճառով:

Տխուր է, քանի որ պարզվում է՝ մենք չենք կարողանում վերահսկել համեմատության գործընթացը, որը տեղի է ունենում անգիտակցական մակարդակում: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ մարդիկ սոցցանցերում ցուցադրում են միայն իրենց դրական կողմը: Մենք մոռանում ենք, որ դա միայն նկար է, իբր անթերի կյանքի մասին փաստող մի քանի կադր:

Իհարկե, խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ Facebook-ը, Twitter-ը կամ Instagram-ը չարիք է ու պետք չէ այնտեղ գտնվել: Սակայն եթե ձեր տրամադրությունը փչանում է այդ երջանիկ զույգերին, անթերի աղջիկներին ու նորածիններին նայելիս, ապա կարող եք անջատել համակարգիչն ու գնալ զբոսնելու: Ռեմարկը ժամանակին ասել է. «Ինչ-որ ձեզ հետ տեղի ունենա, ոչինչ սրտին մոտ մի′ ընդունեք: Երկրի վրա շատ քիչ բան է լինում կարևոր»:



