Համազգային թատրոնի շենքային պայմանների բարելավումը նոր ղեկավար կազմի հրատապ խնդիրներից է
SOCIETY
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորանշանակ ղեկավար կազմը հրատապ խնդիր է համարում թատրոնի շենքային պայմանների բարելավումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանը:
Նա, ինչպես նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը պաշտոնները ստանձնելուց հետո վճռական են տրամադրված հարազատ թատրոնին նոր շնչառություն հաղորդելու հարցում:
Անդրադառնալով իրենց տրամադրված նոր շենքի վերանորոգման հարցերին՝ տնօրենի պաշտոնակատարն ընդգծեց, որ շատ շուտով կսկսեն կոսմետիկ վերանորոգում անել, բայց չգիտեն, թե երբ կտեղափոխվեն:
«Դեռևս չեմ հասցրել զբաղվել այս ամենով, քանի որ երեկ եմ ստանձնել տնօրենի պարտականությունները, բայց առաջիկա օրերին կհետաքրքրվեմ: Հույս ունենանք, որ շենքի շինարարությունը շատ արագ կսկսվի և 2019 թվականին, գոնե, կունենանք շենքի արտաքին տեսքը»,- նկատեց Նավասարդյանը:
Նա շեշտեց, որ հրատապ խնդիրներից են նաև այն թերությունները, որոնք տհաճ են հանդիսատեսի համար, օրինակ՝ բեմի հարդարանքը, որի վարագույրը պատառոտված է:
«Մենք ցանկանում ենք վերանորոգել ճեմասրահը, որտեղ պատերին կփակցվեն Համազգային թատրոնի անցյալի ու ներկայի մասին պատմող լուսանկարներ, ինչպես նաև կվերականգնվի վարպետի (Սոս Սարգսյանի – հեղ.) լուսանկարը, որն առաջ տեղադրված էր կենտրոնական մասում: Կիսանդրին կմնա այնտեղ, որտեղ նկարն էր»,- ասաց Արման Նավասարդյանը:
Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ընդգծեց, որ արդեն իսկ մտածել են, որ ճեմասրահում լինելու է թատրոն-սրճարան, անցկացնելու են ցուցահանդես-ներկայացումներ:



