Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց եւ երթեւեկելի են
SOCIETYԳեղարքունիքի մարզում նոյեմբերի 9-ին եւ 10-ին տեղացած ձյունը չի խաթարել տրանսպորտային երթեւեկը մարզի ամենատարբեր նշանակության ճանապարհներին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյո ւնը մարզի հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին մի քանի սանտիմետր է: Մերկասառույց է առաջացել Վարդենյաց լեռնանցքի որոշակի հատվածներում, իսկ մնացած ճանապարհներին տեղացած ձյունը հալվում է տաք օդից:
Բարձրալեռնային գոտում գտնվող Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհին ձյան բարձրությունը կազմել է մոտ 10 սանտիմետր: «Առայժմ շարունակվող ձյունը չի դժվարացրել տրանսպորտային երթեւեկը մարզում, բայց մոտեցող գիշերային ցրտի ազդեցությամբ ճանապարհներին կարող է առաջանալ մերկասառույց: Ամեն դեպքում, ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստ են հնարավոր զարգացումներին եւ հսկում են իրավիճակը»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:



