Գեղարքունիքում բերքահավաքն ավարտվել է առանց կորուստների
SOCIETYԳեղարքունիքի մարզի տնտեսություններում նոյեմբերի 8-ի դրությամբ ավարտվել է բերքահավաքը կարտոֆիլի եւ կաղամբի ցանքերում, պտղատու այգիներում, եւ հետագա երկու օրերին տեղացած ձյունն ու գրանցված գիշերային ցրտահարությունը որեւէ վնաս չեն պատճառել գյուղատնտեսությանը: Սրանով մարզում գյուղատնտեսական տարին համարվում է փակված, բերքահավաքի նախնական արդյունքները` ամփոփված:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզում 2015 թվականին արտադրվել է 140 հազար 100 տոննա հացահատիկի, 373 հազար տոննա կարտոֆիլի, 66 հազար 500 տոննա բանջարբոստանային մշակաբույսերի, 27 հազար 550 տոննա պտղի համախառն բերք:
Կատարվել է 20 հազար 840 հեկտար աշնանացան, կուտակվել է 435 հազար տոննա անասնակեր: «Արդյունքները կարող էին ավելին լինել, եթե տեւական երաշտը վնասած չլիներ գարնանացան հացաբույսերի ցանքերը, բնական եւ ցանովի խոտհարքները: Այդուհանդերձ, տարին կարելի է գոհացուցիչ համարել բերքատվության առումով»,-նշեց գյուղվարչության պետը:



