«Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի». Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի կամ գործչի, գրում է «ТАСС» գործակալությունը:
«Մենք հարգում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն ու Ժնևյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, որոնցով հստակ սահմանված է, որ սիրիական հակամարտության լուծումը պետք է ուղղորդեն Սիրիայի քաղաքացիները: Միայն նրանք իրավունք ունեն սահմանել իրենց երկրի ապագան», - ասել է Լավրովը:
Նա նկատել է, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցով բանակցությունների ընդհանուր հարթակ են ստեղծել՝ չնայած հակամարտության լուծման հարցում իրենց ունեցած տարբեր պատկերացումներին:
«Մենք ցանկանում ենք, որ Սիրրիայում վերականգնվի խաղաղությունը, ցանկանում ենք, որ երկիրը լինի կայուն, իսկ նրա սահմանները՝ անվտանգ», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ նրանք, որոնք փորձում են հակամարտության լուծման համար արհեստական ժամկետներ սահմանել, նպատակ են հետապնդում տապալել Աստանայի բանակցային գործընթացն ու վերադառնալ Սիրիայում ռեժիմի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:



