Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Հաջորդ տարվանից աճուրդում հայտնված մեքենաները բաց ցուցադրության կտրվեն, որ քաղաքացին գնա ու ընտրի. Գլխավոր հարկադիր կատարողը՝ աճուրդի թափանցիկության և այլ հարցերի մասին

POLITICS

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է համակարգի աշխատանքին, հարկադիր էլեկտրոնային աճուրդի թափանցիկությունն ապահովող մեխանիզմներին, երեխաներին տեսակցելու իրավունքի, ծնողներից մեկի խնամքին հանձնելու, քաղաքացուն միակ կացարանից չզրկելու, ինչպես նաև ՃՈ-ի կողմից 13,7 մլրդ դրամ համաներման հարցերին:

- Պարոն Հակոբյան, Դուք, չնայած նախկինում շուրջ 17 տարի աշխատել եք համակարգում, սակայն Ձեր՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  ղեկավար նշանակվելուց հետո այս ոլորտում  ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ:

-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրվել է հստակ քաղաքականություն՝ իր առաջնահերթ ուղղություններով, որոնք, ըստ իս, կարևոր նշանակություն ունեն Ծառայության գործունեության և ընդհանուր համակարգի զարգացման տեսանկյունից:

Ծառայության առավել բաց և թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով վերջերս Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է «Կատարողական վարույթների տեղեկատու» պատուհանը: Եվս մեկ նորամուծություն՝ ներդրվել է միասնական տեղեկատու հեռախոսահամար, որով քաղաքացին կարող է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Հուլիս ամսից Ծառայությունում սահմանվել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:

Առաջնահերթություններից է նաև հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 20 տարի առաջ, հարկ է ամբողջությամբ վերանայել և համապատասխանեցնել ժամանակակից բոլոր պահանջներին:

 
 


Օրենսդրական փոփոխությունների առաջին փաթեթն արդեն շրջանառության մեջ է: Ներկայում աշխատում ենք օրենսդրական փոփոխությունների 2-րդ փաթեթի մշակման ուղղությամբ:

Հարկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ժամանակի էական խնայողության նպատակով Ծառայությունում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են, որի շնորհիվ գործող 413 հաստիքային միավորներով, օրինակ, 2018 թվականին ընթացք է տրվել շուրջ 2,5 մլն կատարողական վարույթների: 

-Նախկինում նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության    կայքում վաճառքի էին հանվում տարբեր օգտագործված ու անգամ երեխաների համար նախատեսված հիգիենայի պարագաներ: Ի՞նչ է ստանում դրանից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, չկա՞ նվազագույն շեմ:

-Նախ, նշեմ, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր ցանկությամբ չէ վաճառքի ներկայացնում Ձեր մատնանշած գույքերը, այլ դատարանի կողմից տրված համապատասխան կատարողական թերթի հիման վրա: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սահմանում է «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը», համաձայն որի՝ այդ գույքերի իրացման կամ ոչնչացման հետ կապված կատարողական գործողությունները կատարում է Հարկադիր կատարման ծառայությունը: Ձեր մատնանշած նվազագույն շեմն այս դեպքում չկա, քանի որ դատարանն է որոշում տվյալ գույքի «ճակատագիրը»: 

-Նույն վաճառքի հետ կապված շահարկումներ կային, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, օրինակ՝ բնակարաններ կամ այլ արժեքավոր շարժական և անշարժ գույքեր նախքան վաճառքի հանելը իրազեկում է իր շրջանակներում գործող մարդկանց, ստվերային առք ու վաճառք է կազմակերպում, և շուկայականից զգալի չափով էժան գույքը հայտնվում է նույն ԴԱՀԿ կատարողի մերձավոր շրջապատում: Ինչպե՞ս, ի՞նչ կարգավորումներով է հնարավոր բացառել նման դեպքերը, եթե Ձեզ հայտնի են կամ եթե հայտնի չեն, Դուք բացառու՞մ եք: Առհասարակ աճուրդի թափանցիկությունն ապահովող ի՞նչ մեխանիզմներ կան:

-Միանգամից ասեմ, որ կոռուպցիոն սխեման բացառվում է: Մեր երկրում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող մոդելն ամենաարդյունավետ մոդելներից մեկն է ամբողջ աշխարհում: Արդեն 12 տարի է, ինչ հարկադիր աճուրդները մեր հանրապետությունում իրականացվում են էլեկտրոնային եղանակով, մինչդեռ աշխարհում կան երկրներ, որոնք կա՛մ նոր են անցում կատարել հարկադիր էլեկտրոնային աճուրդներին, կա՛մ պլանավորում են անցնել մոտ ապագայում: Շատ երկրների համար մեր փորձը եղել է ուսանելի:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ամբողջ գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ: Հարկադիր կատարողն ինքը չի գնահատում այն գույքը, որը ներկայացվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, այլ հրավիրում է փորձագետ, որն էլ իր մասնագիտական կարողություններով իրականացնում է տվյալ գույքի շուկայական գնահատում: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ մենք տարբեր  փորձագետների հետ ենք համագործակցում, ովքեր շահում են ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթը, ինչը, կարծում եմ, կհամաձայնեք, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանն է ուղղված: Այդ գնահատված արժեքից օրենքով սահմանված կարգով 25% պակաս արժեքով արդեն տվյալ գույքը ներկայացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 

Համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, այսինքն՝ մասնակիցը գրանցվելով կարող է քայլեր կատարել և ձեռք բերել իր ուզած գույքը: Կան գույքեր, որոնք, բնականաբար, մեծ հետաքրքրություն են ներկայացնում և անգամ վաճառվում են իրենց գնահատված շուկայական արժեքից բարձր գնով: Գույքեր էլ կան, որոնք գնորդների շրջանում որևէ հետաքրքրություն չեն առաջացնում և դրանք ձեռք բերելով՝ որևէ կերպ չեն կարող օգտագործվել (օրինակ՝ անանցանելի վայրերում գտնվող հողակտորները): Հետևաբար, դրանց գինը շարունակական աճուրդների արդյունքում կարող է անհամեմատ նվազել:

Շատ կարևոր քայլ ենք պատրաստվում անել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի թափանցիկությունն էականորեն բարձրացնելու հարցում: Խոսքս վերաբերում է աճուրդում գտնվող ավտոմեքենաներին: Ծառայությունը պատրաստվում է հաջորդ տարվանից հատուկ պահպանվող տարածքում կազմակերպել Երևանի և մոտ մարզերի վարույթներով աճուրդում գտնվող ավտոմեքենաների բաց ցուցադրություն, այսինքն՝ քաղաքացին կկարողանա իրեն հետաքրքրող մեքենան շաբաթը մեկ անգամ գնալ և տեսնել: Դա էականորեն կնպաստի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին և կնպաստի գործընթացի թափանցիկության էլ ավելի բարձրացմանը:

-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ արվեցին, որը վերաբերում էր քաղաքացու միակ կացարանին: Ի վերջո, միակ կացարանից ե՞րբ է զրկվում քաղաքացին:

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման նպատակն էր պարտապանին ընձեռնել սոցիալական տեսանկյունից կարևորվող միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրան զերծ պահել անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից: Արդյունքում բռնագանձում չի կարող տարածվել 28.02.2017 թվականից հետո հարուցված կատարողական վարույթների շրջանակներում քաղաքացի-պարտապանին պատկանող այն միակ բնակարանի վրա հետևյալ միաժամանակյա պայմանների առկայության դեպքում, երբ

պարտապանը հաշվառված է տվյալ բնակարանում,

բնակարանը հանդիսանում է պարտապանի համար մշտական բնակության վայր,

բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4 900 000 ՀՀ դրամ գումարից:

Սակայն, օրենքը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:

-Վերջերս ոստիկանության ու կառավարության նախաձեռնությամբ համաներման ակտ ընդունվեց, որի արդյունքում չեղարկվեց 13,7 մլրդ դրամի տուգանք՝ ՃԵԿ խախտումների դիմաց: Վարչական ակտերի կատարումը ԴԱՀԿ-ին էին հանձնվել մի քանի տարի շարունակ: ԴԱՀԿ-ը չի՞ կարող ապահովել իրեն վերապահված իրավունքների կատարումը, ինչի պատճառով են նման կուտակումներ առաջանում, գուցե օրենքի փոփոխության և լիազորությունների ընդլայնման կարիք կա՞:

-Ինչպես արդեն նշեցի, Ծառայությունը հոկտեմբերին ավարտել է ՃՈ վարչական ակտերի համաներման գործընթացը: Ըստ օրենքի՝ Ծառայությունը համաներումը չի կիրառել այն վարույթների նկատմամբ, որոնցով հարուցված են եղել քրեական գործեր:

Տվյալ կատարողական վարույթներն ավարտվել էին գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով, կամ պարտապանի և/կամ նրա գույքի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Այսինքն՝ հարկադիր կատարողները կատարել են օրենքով սահմանված բոլոր կատարողական գործողությունները: Գործընթացն առավել խոսուն ներկայացնելու համար նշեմ, որ շուրջ 13,7 մլրդ ՀՀ դրամ չափով տուգանքները վերաբերել են մոտ 108 000 քաղաքացու, ընդ որում՝ նրանցից 75 000-ն ունեցել են մեկից վեց վարչական ակտ: Սա նշանակում է, որ շուրջ 25 000 քաղաքացիների մասով կուտակված են եղել ահռելի չափով տուգանքներ, և այդ անձինք չեն ունեցել գույք կամ եկամուտներ: Պատահական չէ, որ այս մասով կան հարուցված քրեական գործեր:

-Ի՞նչ դատական ակտերի կատարման ժամանակ են բախվում խնդիրների, օրինակ` հաճախ են դեպքերը, երբ դատարանը երեխայի խնամակալ է ճանաչում ծնողներից մեկին, սակայն երեխան մնում է մյուս ծնողի մոտ: Ի՞նչ վիճակագրություն կա՞, ո՞ւմ կամ ինչպե՞ս լուծել այդ խնդիրները:

-Ձեր մատնանշած վարույթը տվյալ դեպքում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթ է՝ երեխայի տեսակցություն կամ մի ծնողից մյուսին երեխայի հանձնում և այլն: Ծառայությունում այսպիսի բազմաթիվ վարույթներ կան, օրինակ՝ միայն Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնում առկա են ավելի քան 340 կատարողական վարույթներ երեխաների տեսակցություններով:  

Ինչ խոսք, կան վարույթներ, որոնց շրջանակներում տեսակցությունները նորմալ ընթանում են, բայց կան նաև այնպիսի վարույթներ, երբ ծնողն ակնհայտ խոչընդոտում է տեսակցությանը, կամ երեխան չի ցանկանում ծնողի հետ որևէ կոնտակտի մեջ մտնել: Ծնողի կողմից տեսակցություններին խոչընդոտելու առումով ՀՀ քրեական օրենսգրքի 167.1 հոդվածի համաձայն Երևան քաղաքում արդեն 5 գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Նմանատիպ վարույթներն առհասարակ բարդ կատարման են, պահանջում են մեծ ուշադրություն, ներգրավում են մասնագիտացված հոգեբանների և այլն, քանի որ առնչվում են երեխայի լավագույն շահին:

Ընդհանրապես, այս հարցը Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մենք նաև ուսումնասիրում ենք միջազգային փորձը, և կարծում ենք, որ նման դատական ակտեր կայացնելիս մեծ դեր պետք է ունենա սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Որպես ամփոփում՝ հարկ եմ համարում նաև նշել, որ չնայած հարկադիր կատարողի պատասխանատու, բարդ և ծանրաբեռնված աշխատանքին՝ Հարկադիր կատարման ծառայությունն անում է ամեն ինչ, որպեսզի պատշաճ կերպով իրականացնի իր գործառույթները:

 

 

Բեթղեհեմ Արաբյան

 
 
 



Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris