Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն, նա պետք է ազատ արձակվի, Թուրքիայի իշխանությունները 10.000 եվրոյի չափով բարոյական և 15.000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն վերջինիս:
«Դա մեզ վրա չի ազդի, մենք մեր պատասխան քայլը կձեռնարկենք՝ գործը կփակենք», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:



