Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսի ռուսական կողմում 550 մեքենա մնացել է խցանման մեջ
INTERNATIONAL NEWSՀնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փակ է նաև Վերին Լարսի անցակետը։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
Ռուսական կողմում առկա տրանսպորտային միջոցների խցանման մեջ կանգնած է տարբեր երկրների շուրջ 550 մեքենա, որից 400-ը՝ բեռնատար։
Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը այսօր գտնվում էր Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում և տեղում իրականացրել է ձնահոսքի մշտադիտարկում, որի արդյունքներով պարզ է դարձել, որ ձնահոսքի հնարավորությունը մեծ է, և ճանապարհը մինչև վաղը միանշանակ փակ է մնալու։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից դեսպանությանը հայտնում են, որ ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է նաև ճանապարհի մաքրման աշխատանքները:



